Մատչելիության հղումներ

BBC. «Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել անվտանգ վայր»


Յուլիա Սկրիպալ, արխիվ
Յուլիա Սկրիպալ, արխիվ

Առաջիկա ժամերին բրիտանական Սոլսբերի քաղաքի բժշկական կենտրոնում մամուլի ասուլիս կկայանա՝ նվիրված Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորմանը: Այս մասին հաղորդում է բրիտանական BBC հեռուստաընկերությունը:

BBC-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին թունավորված Յուլիա Սկրիպալն արդեն իսկ դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից: Հեռուստաընկերության տեղեկություններով` «Սկրիպալը դուրս է բերվել հիվանդանոցի տարածքից և այժմ գտնվում է անվտանգ վայրում»:

Ռուսաստանյան РИА Новости գործակալության տեղեկություններով էլ՝ Յուլիա Սկրիպալը բրիտանական իշխանություններին է դիմելու քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Այդ մասին գործակալությանը հայտնել է Սկրիպալների ազգականներից մեկը:

66-ամյա Սերգեյ և 33-ամյա Յուլիա Սկրիպալներին մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց: Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG