Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի ակտիվիստները շեշտում են՝ երկրում ընտրությունները կորցրել են իրենց նշանակությունը


Ադրբեջան - Նախագահի թեկնածուների քարոզչական պաստառները, Բաքու, 9-ը ապրիլի, 2018թ․

Ադրբեջանում վաղը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ քաղաքացիական դաշտի տասնյակ ակտիվիստներ համատեղ հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ քվեարկությունն անցնում է այլընտրանքի ու մրցակցության բացակայության պայմաններում:

«Քանի որ նախընտրական միջավայրը և ընտրական օրենսդրությունը չեն երաշխավորում ազատ ու արդար ընտրությունների անցկացումն ու չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը, «Մուսավաթ» կուսակցությունը, Ազգային ճակատն ու «Ռեալ» շարժումը, հրաժարվել են դրանց մասնակցելուց», - փաստում է համատեղ հայտարարությունը, հավելելով՝ առանց ընդդիմադիր առաջնորդների ընտրությունները անցնում են մեկ կուսակցության՝ «Ենի Ազերբայջան»-ի գերիշխանության ու այլընտրանքի բացակայության պայմաններում:

Ակտիվիստները, որոնց շարքում են անկախ լրագրող, իշխանությունների կողմից հետապնդվող Խադիջա Իսմայիլովան, հայտնի իրավապաշտպաններ Ինտիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը և ուրիշներ, հիշեցնում են՝ վերջին՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանում մարդու իրավունքները էականորեն սահմանափակվել են, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներն՝ ահագնացել, ինչ արդյունքում այսօր քաղբանտարկյալների ցուցակում 142 մարդու անուն է նշվում:

«Քվեարկությունից առաջ մի շարք լրատվամիջոցներ արգելափակվել են, խոսքի ազատության վիճակը աղետալի է գնահատվում թե՛ տեղական, թե՛ միջազգային փորձագետների կողմից, ընդդիմադիր մամուլի, լրագրողների ու սոցիալական ցանցերի ակտիվիստների դեմ չդադարող ճնշումների պայմաններում մամուլի ազդեցությունը հանրային կարծիքի վրա էականորեն թուլացել է», - արձանագրում է երեկ տարածված հայտարարությունը:

Քաղաքական ճնշումներից բացի, ակտիվիստները խոսում են նաև կասկածելի ընտրացուցակների մասին, փաստելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն՝ Ադրբեջանում 5 միլիոն 192 հազար 63 ընտրող կա, այն դեպքում, երբ պետական Վիճակագրական ծառայության տվյալներով՝ երկրում 18 տարեկանից բարձր բնակչության թիվն անցնում է 7 միլիոնից:

«Ընտրությունների շարունակական անցկացումը նման պայմաններում, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդների տված հանձնարարականների անտեսումը հանգեցրել է նրան, որ այսօր Ադրբեջանի ժողովուրդը այլևս կորցրել է խաղաղ ճանապարհով իր իշխանությունը կազմավորելու հնարավորությունը, ընտրություններն էլ կորցրել են իրենց նշանակությունը», - ասված է ադրբեջանցի տասնյակ ակտիվիստների տարածած հայտարարության մեջ:

Ակնկալվում է, որ վաղը կայանալիք քվեարկությամբ Իլհամ Ալիևը հերթական՝ արդեն չորորդ անգամ կդառնա երկրի նախագահ․ երեկ հրապարակված սոցոլոգիական հարցումների համաձայն՝ նրան պատրաստ է ձայն տալ ընտրողների 80 տոկոսից ավելին: Թեև Ալիևից բացի պայքարի է դուրս եկել ևս 7 թեկնածու, սակայն նրանք բոլորն էլ համարվում են իշխանության կամակատարներ, որոնք առաջադրվել են ընդամենը մրցակցության պատրանք ստեղծելու համար: Նախընտրական արշավի ժամանակ, ըստ ադրբեջանական անկախ աղբյուրների, ընդդիմադիր այդ թեկնածուները ոչ թե Ալիևին էին քննադատում, այլ՝ նրա ընդդիմախոսներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG