Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի երդմնակալությունը «քիչ թե շատ հեռու էր ոչ-լեգիտիմությունից»


Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն այսօր ներկա էր նաև ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հինգ տարի առաջ նախագահության համար պայքարող Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում այսօր պնդեց, որ ի տարբերություն նախորդ երեք նախագահների գրեթե բոլոր ընտրությունների՝ Արմեն Սարգսյանն ընտրվել է որպես լեգիտիմ նախագահ․ - «Հինգ տարի անց մենք ունենք նոր ընտրակարգ: Կարող ենք ասել՝ էլի կեղծիքի վրա հիմնված, բայց դե ֆակտո նոր ընտրակարգ, և ունեցանք այսօր երդմնակալություն, որը քիչ թե շատ հեռու էր ոչ-լեգիտիմությունից: Եվ ուրեմն շնորհավորում եմ Արմեն Սարգսյանին»:

2013-ի նախագահական ընտրապայքարում պաշտոնապես Սերժ Սարգսյանին պարտվելուց հետո Հովհաննիսյանը բազմահազարանոց ցույցերով վիճարկում էր ընտրությունների արդյունքները, իսկ հինգ տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում այլընտրանքային երդմնակալություն էր նախաձեռնել:

«Ժառանգության» հիմնադիրը, ով խորհրդարանական վերջին ընտրություններին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքով պայքարում էր իշխանությունների դեմ, հույս հայտնեց, որ թեկուզ կրճատված լիազորություններով՝ չորրորդ նախագահը կկարողանա «իր փափուկ խոսքով փոփոխության առաջարկ անել երկրին»․ - «Պիտի հույս տածենք, որ ինքը կկարողանա իր առաջարկներով, իր փորձով կամաց-կամաց բերել ազատ, արդար, անկախ, ստեղծագործ նոր Հայաստանի սկիզբը, որի համար մեր ժողովուրդը պայքարեց ոչ միայն 5 տարի առաջ, այլ վերջին 25 տարիների ընթացքում»:

Իշխող Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը գոհունակությամբ փաստեց որոշ ընդդիմադիր գործիչների մասնակցությունը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով նախագահության եկած Արմեն Սարգսյանի երդմնակալությանը․ - «Ինձ համար հատկապես կարևոր էր նաև ընդդիմադիր դաշտի բազմաթիվ ղեկավարների ներկայությունը, նախկին նախագահի թեկնածուների՝ Ստեփան Դեմիրճյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի․․․ Կարծում եմ, այս պետականության սինթեզի մշակույթը այն է, ինչ որ պարտավոր է անել այսօրվա քաղաքական վերնախավը՝ անկախ իշխանական է, ընդդիմադիր է»:

Խորհրդարանում Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանած ամենամեծ ընդդիմադիր՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նոր նախագահին գնահատելուց առաջ կսպասեն գործողությունների․ - «Մեզ համար սա Ազգային ժողովի հատուկ նիստ էր, որի ընթացքում նորընտիր նախագահը ստանձնեց իր պարտավորությունները: Մնացածը կերևա հետո․ թե էն ամեն ինչը, որ ասվեց՝ արդարություն, հավասար մրցակցային պայմաններ, արտագաղթ, արտագաղթի կանխում, որը մի դեպքում կարող է լինել՝ եթե մենք ունենանք իսկապես արդար և ժողովրդավարական երկիր, իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Էս պահին, ինչպես ասում են, եկեք իրադարձություններից առաջ չընկնենք: Ես, որպես արդեն, իմ կարծիքով, փորձառու մարդ, արդեն դադարել եմ խոսքերին հավատալուց: Ես հավատում եմ միայն գործերին: Կլինե՞ն գործեր՝ կգնահատենք»:

Երկրի հաջորդ ղեկավարի՝ վարչապետի ընտրությունները տեղի կունենան շուրջ մեկ շաբաթից: Իշխող Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր փոխանցեց, որ վարչապետի թեկնածուի հարցով իրենց քննարկմանն ու որոշմանը մի քանի օր է մնացել:

«Մերժիր Սերժին» նախաձեռնության մասին հարցին ի պատասխան՝ պարզվեց, որ իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարը արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող ուժերից տեղյակ չէ․ - «Ծանոթ չեմ նման շարժումների, որովհետև այնքան շատ են, չեմ հասցնում ծանոթանամ էլ»:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կարծիքով, երբ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիները քվեարկեցին Հանրապետականի օգտին, քաջ գիտակցելով, որ դրա թիվ մեկ առաջնորդը Սերժ Սարգսյանն է, այդ օրը լուծվեց նաև հաջորդ վարչապետի ընտրության հարցը:

Իսկ նոր ձևավորվելիք կառավարությունում, ըստ Մարգարյանի, Դաշնակցության համար փոփոխություններ չեն լինի․ - «Կա ներքին, մի տեսակ անգիր, չպայմանավորված պայմանավորվածություն, որ նույն կազմն է լինելու: Եթե պիտի փոփոխություններ լինի, հետագային թողնելու էդ հարցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG