Մատչելիության հղումներ

Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը, «Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չի մասնակցել այդ արարողությանը»: Մուսինյանը չցանկացավ անդրադառնալ պատճառներին:

Արմեն Սարգսյանի հետ ավելի վաղ կայացած հանդիպումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանի ընտրությունը նախագահի պաշտոնում համարում է ոչ լեգիտիմ:

Այն ժամանակ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր, թե Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում խոսել են 2015-ին Սահմանադրության կեղծված հանրաքվեի և 2017-ին կեղծված խորհրդարանական ընտրությունների մասին:

«2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետևաբար լեգիտիմ համարվել։ Ուստիև, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, և թե՛ որպես որեւէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին», - նաև ասված էր ՀԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Ավելի վաղ նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն «Ազատությանն» ասել էր, որ Քոչարյանը գտնվում է արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG