Մատչելիության հղումներ

Հայաստանում առաքելությունն ավարտող ՌԴ դեսպանին ընդունել է ՀՀ նախագահը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանի և Ռուսաստանի քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները հետևողականորեն զարգանում են, դինամիկ զարգանում է նաև համագործակցությունը հումանիտար, ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում: Այս մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի և հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում մեծ ավանդի համար՝ ընդգծելով, որ Վոլինկինի գլխավորությամբ դեսպանության ակտիվ գործունեությունը մի մասն է այն ծավալուն աշխատանքի, որ իրականացվում է Ռուսաստանի ղեկավարության հետ՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Վոլինկինը շնորհակալություն է հայտնել իր աշխատանքը նման բարձր գնահատականի արժանացնելու համար և ընդգծել, որ այն իրականացվել է դեսպանության ողջ աշխատակազմի, համախոհների ջանքերով, ովքեր սիրում են Հայաստանը և արել են ամեն հնարավորը՝ նպաստելու երկու պետությունների հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Դեսպանը նշել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում մեծ դեր ունի Հայաստանի և Ռուսաստանի նախագահների անձնական ներդրումը: Նա համակարծիք է, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, և հույս է հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:

Իվան Վոլինկինն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը և նշել, որ այդ ժամանակահատվածում ոչ միայն հարստացրել է իր դիվանագիտական աշխատանքի փորձառությունը, այլև շատ բան է սովորել հայ ժողովրդից, որ իր հետագա աշխատանքի, ինչպես նաև ողջ կյանքի ընթացքում օգտակար է լինելու: Դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանն իր սրտում է, և ապագայում ևս առիթներ կունենա վերադառնալու իր համար հարազատ դարձած այս երկիր:

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական կապերի զարգացման, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սերժ Սարգսյանը, ի նշան երախտագիտության, Իվան Վոլինկինին պարգևատրել է Բարեկամության շքանշանով, շնորհավորել և մաղթել նրան հետագա հաջողություններ:

Հիշեցնենք, Իվան Վոլինկինը Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարել է վերջին հինգ տարիներին:

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը, ով ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչի տեղակալի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG