Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցությունը կոալիցիա ձևավորելու օրակարգ չունի․ Նաիրա Զոհրաբյան


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը կոալիցիա ձևավորելու օրակարգ չունի, իսկ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե հանրապետականները նման առաջարկ են արել, հորինված են, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք, կարծում եմ, քանիցս այդ հարցին պատասխանել ենք, և, անկեղծ ասած, ինձ թվում էր, թե հարցը պիտի համարվի փակված: «Ծառուկյան» խմբակցության օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Կարծում եմ՝ կոալիցիայի առաջարկ անում են այն քաղաքական ուժերին, ում օրակարգում նման հարց կա: «Ծառուկյան» դաշինքի օրակարգում կոալիցիա կազմելու հարց չկա, և ինձ թվում էր՝ այդ խնդիրը պիտի վաղուց արդեն փակված լինի և դադարի շահարկվել տարբեր լրատվամիջոցներում», - ասաց նա:

Առաջիկա երկուշաբթի, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը կստանձնի պաշտոնը, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը Սահմանադրության պահանջով հրաժարական կտա։ Խորհրդարանական խմբակցությունները կարող են յոթնօրյա ժամկետում վարչապետի թեկնածու առաջադրել, ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին։ Խորհրդարանն այդ օրը, ամենայն հավանականությամբ, կունենա վարչապետի մեկ թեկնածու, քանի որ ընդդիմադիր մյուս երկու ուժերը՝ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցություններն արդեն հայտարարել են, որ թեկնածու չեն առաջադրելու։ «Ելք» դաշինքը նաև հայտարարել է, որ դեմ է քվեարկելու հանրապետականների թեկնածուին․ ընդդիմադիր ուժը վստահ է՝ հաջորդ վարչապետը լինելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ թե ինչ դիրքորոշում ունի քվեարկության հարցում «Ծառուկյան» խմբակցությունը, Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ քննարկում դեռ չի եղել:

«Քանի դեռ չի եղել առաջադրում, իհարկե, հստակ անուններ են հնչում, թե ով կլինի Հանրապետականի վարչապետի թեկնածուն, և այլն, և այլն, բայց ես նորից եմ կրկնում՝ երբ որ պաշտոնապես Հանրապետական կուսակցությունը կառաջադրի վարչապետի իր թեկնածուին, դրանից հետո խմբակցությունը կհրավիրի նիստ, և, բնականաբար, ամսի 17-ին քվեարկության ժամանակ խմբակցությունը, ես Ձեզ վստահեցնում եմ՝ այս դեպքում ունենալու է միատեսակ քվեարկություն», - ասաց պատգամավորը՝ հավելելով․ - «Որովհետև այս օրերին, ես չգիտեմ թե որտեղից, ապատեղեկատվություն է շրջանառվում համառորեն, որ վարչապետի քվեարկությունը թողնվելու է «Ծառուկյան» դաշինքում ազատ: Ոչ, էդպես չի լինելու, բոլորը քվեարկելու են այն կերպ, ինչպես կորոշի խմբակցությունը»:

Խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքը գլխավորող Գագիկ Ծառուկյանը 15 կետից բաղկացած ծրագիր ներկայացրեց՝ նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, փոքր ու միջին բիզնեսը ժամանակավորապես ազատել հարկերից, նվազեցնել գազի և էլեկտրաէներգիայի սակագները, և այլն։ Դրանք առաջնային այն քայլերն են, որոնք կկանգնեցնեն տնտեսության անկումը, հայտարարում է Նաիրա Զոհրաբյանը, հավելելով՝ ով էլ լինի ապագա վարչապետը, ինչ կաբինետ էլ ձևավորի, առանց Ծառուկյանի ներկայացրած 15 կետերի իրականացման Հայաստանը զարգացում չի ունենա։

«Իհարկե չի կարող, ավելին՝ մենք տեսնում ենք, որ տնտեսությունը ուղղակիորեն գահավիժում է, և էն ներդրումային բլեֆը, էդ ներդրումային սկվազնյակները, այսպես կոչված, որ հրապարակվեցին, սառը ջուր լցրեց հենց իշխանության Ազգային վիճակագրական ծառայությունը՝ հրապարակելով, որ 2017 թվականին օտարերկրյա ներդրումները Հայաստանում նվազել են: Իսկ Գագիկ Ծառուկյանը միայն ինքը վերջին երեք տարում Հայաստանի տնտեսության մեջ 1 միլիարդ 200 միլիոն դոլարից ավել ներդրում է արել», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:

«Ազատության» հարցին՝ կողմ կլինի՞ արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը Հանրապետականի վարչապետի թեկնածուին, եթե վերջինս ընդունի Գագիկ Ծառուկյանի 15 կետանոց առաջարկները, Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց․ - «Քաղաքականության մեջ ինձ համար անընդունելի բառ-ձևակերպումը «եթե»-ն է: Ես չեմ սիրում քաղաքականությունը տրանսֆորմացնել «Կիկոսի մահը» հեքիաթի վրա: Կառաջադրի՞ Հանրապետականը՝ կքննարկենք, իրենց թեկնածուն ինչ-որ առաջարկով հանդես կգա՞՝ կքննարկենք: Բայց ամեն ինչ պիտի լինի հստակ փաստարկված»:

Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը, հիշեցնենք, անցյալ ամիս կողմ քվեարկեց Հանրապետական կուսակցության առաջադրած Հայաստանի նախագահի թեկնածուի օգտին։ Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի առաջիկա երկուշաբթի օրը, Մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԺ հատուկ նիստում։ Նախնական տվյալներով՝ միջոցառմանը ներկա կլինի հազարից ավելի մարդ։ Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը չի մասնակցի ընդդիմադիր «Ելք» դաշինքը, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը, ըստ Զոհրաբյանի, մասնակցության հատուկ որոշում չունի՝ պատգամավորները ազատ են այս հարցում։

«Դա նույն բանն է, որ ասեք՝ պատգամավորը Ազգային ժողովի նիստին գալը դուք հատուկ քննարկո՞ւմ եք, թե՞՝ ոչ: Իհարկե, ես հասկանում եմ, որ սա մի քիչ ավելի հատուկ նիստ է, բայց, այդուհանդերձ, Ազգային ժողովի նիստ է, և էն պատգամավորները, ովքեր կցանկանան մասնակցել հատուկ նիստին, կմասնակցեն: Էդպես, ինչ-որ, հրահանգ, որ բոլորը պիտի գնան և մասնակցեն, չկա: Ես չեմ կարող էս պահին ասել՝ պարոն Ծառուկյանը կմասնակցի՞, թե՞՝ ոչ: Երկուշաբթի առավոտյան բոլոր հարցերի պատասխանը պարզ կլինի», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը լրագրողները, այդ թվում՝ խորհրդարանում հավատարմագրվածները, իրավունք չեն ունենա լուսաբանելու Մարզահամերգային համալիրից։ Միջոցառմանը, այդուհանդերձ, հնարավոր կլինի հետևել ինտերնետային ուղիղ հեռարձակմամբ։ Նկատենք, որ այսօրինակ սահմանափակումներ լրագրողների համար նախորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների ժամանակ, սկսած դեռևս 1991 թվականից, չեն եղել: Անգամ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո լրագրողները կարողացել են մուտք գործել Օպերայի շենք, որտեղ տեղի ունեցավ դեռևս գործող նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG