«2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» օմբուդսմեն Արման Թաթոյանի տարեկան հաղորդման մեջ ներկայացված որոշ դատողություններ և որակումներ, «մեղմ ասած, զուրկ են իրավական հիմնավորումից, առանձին դեպքերում խիստ միակողմանի գնահատականներ են պարունակում», արձանագրում է Հայաստանի դատախազությունը:
«Այսպես, անդրադառնալով ընտրական իրավունքի երաշխավորման խնդիրներին և այդ համատեքստում քննարկելով 2017թ. տեղի ունեցած ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների ստուգման թվային տվյալները՝ Պաշտպանը դրանցից չբխող հետևություն է արել այն մասին, որ արձանագրված իրողությունները բացասական ազդեցություն են ունեցել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա և մտահոգություններ են առաջ բերել ընտրողների կողմից իրենց կամքի ազատ արտահայտման վերաբերյալ: Այնինչ միայն այն հանգամանքը, որ հենց Պաշտպանը ընտրակաշառքի վերաբերյալ 1000 հրապարակումներից միայն 100-ն է համարել դատավարական ճանապարհով ստուգման ենթակա և ուղարկել քրեական հետապնդման մարմիններին կամ ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ 850 հրապարակումներից միայն 131-ն է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակել, առավելապես կարող էր հանգեցնել այն հետևության, որ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ մտացածին տեղեկությունների շրջանառումը, ընտրական խախտումները բացառելուն, կանխելուն, բացահայտելուն, դրանց կապակցությամբ օբյեկտիվ քննություն իրականացնելուն ուղղված ջանքերը արհեստականորեն մրոտելու ակնհայտ միտում են ունեցել», - մասնավորապես ասված է դատախազության հանրային կապերի բաժնի այսօր տարածած հաղորդագրությունում:
Դատախազության պնդմամբ՝ «նույն տրամաբանությամբ է կառուցված նաև լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առնչությամբ Պաշտպանի այն դատողությունը, որ լրագրողների մոտ առկա է արդարացի ընկալում, որ պատասխանատվության մեխանիզմի բացակայության պատճառով ստեղծվում է անպատժելիության տպավորություն»: «Եզրահանգումը չի բխում հաղորդման մեջ բերված թվային տվյալներից այն մասին, որ լրագրողների գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ որևէ հաղորդում անհետևանք չի մնացել, դարձել է պատշաճ ստուգման և քննության առարկա՝ համապատասխան դատավարական հետևանքներով: Ավելին, այդ ուղղությամբ կատարված աշխատանքը կհամարվեր ամբողջական և օբյեկտիվ ներկայացված, եթե հաղորդման մեջ նշվեր նաև պատասխանատվության մեխանիզմի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկված ինստիտուցիոնալ միջոցների մասին: Մասնավորապես, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը, խոսքի ազատության հիմնարար իրավունքի արդյունավետ քրեաիրավական պաշտպանությունն ապահովելու համար 2017թ. ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Դրանով նախատեսվող իրավակարգավորմամբ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու առավել վտանգավոր տեսակի սուբյեկտ պետք է հանդիսանա ցանկացած անձ, այլ ոչ թե միայն պաշտոնատար անձը», - նշված է հաղորդագրությունում:
Դատախազությունն անընդունելի է համարում նաև դատական սանկցիայի կիրառման դեպքում ամբաստանյալի՝ իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքի իրացման հարցի հետ կապված Պաշտպանի մտահոգությունները: «Հակառակ Պաշտպանի այն դատողության, որ օրենսդրորեն սահմանված չէ, թե որն է արդարադատության գերակա շահը, որի դեպքում իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը կարող է ստորադասվել, անհրաժեշտ է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1403 որոշմամբ, համապատասխան քրեադավարական նորմերի համակարգային իրավամեկնաբանությամբ, այդ իրավունքի բացարձակությունը սահմանափակելու համար բավարար արդարադատության շահը հստակեցված է», - ասված է հաղորդագրությունում:
«Անդրադառնալով խափանման միջոց կալանավորումը կիրառելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ վիճակագրության կապակցությամբ Պաշտպանի նկատառումներին՝ չի կարելի չնկատել, որ այդ կապակցությամբ ևս կատարված աշխատանքի վկայակոչումներն ու դրա արդյունքներին տրված վերջնական գնահատականը չեն համընկնում: Հաղորդման մեջ ներկայացնելով, որ ի թիվս այլնի՝ ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել են անհիմն կալանավորման դեպքերը բացառելու և կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության աստիճանը բարձրացնելու անհրաժեշտ գործիքակազմեր՝ դրանց չհամապատասխանող հետևություն է արվել ներկայացված միջնորդությունների բավարարման բարձր ցուցանիշների՝ մտահոգիչ լինելու մասին: Պաշտպանն իր դիտարկումներում առաջնորդվում է միջնորդությունների՝ ցանկացած դեպքում անբավարար հիմնավորվածության կանխավարկածով՝ առանց հաշվի առնելու ներդրված գործիքակազմերի ազդեցությունը պրակտիկայի վրա», - պնդում է դատախազությունը՝ շարունակելով․ - «2016թ. համեմատ, 2017թ. կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունների քանակը նվազել է 180-ով կամ 15.4 տոկոսով: Պետք է նկատի ունենալ, որ այս արդյունքի ֆոնին է արձանագրվել 2016թ. համեմատ նախորդ տարվա ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ներկայացված միջնորդությունների բավարարման 2 տոկոսային կետով ավելացման ցուցանիշը: Այս հանգամանքն ակնհայտորեն պետք է դիտարկել որպես ոչ բավարար հիմնավորվածությամբ միջնորդություններ ներկայացնելու պրակտիկայից հրաժարվելու ցուցիչ: ՀՀ դատախազության կոլեգիայի որոշմամբ և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված արդյունավետ մեխանիզմերի գործողությունը կարող էր և պետք է հանգեցներ հենց կալանավորման միջնորդությունների հիմնավորվածության մակարդակի բարձրացմանն ու դրանց բավարարման ցուցանիշների աճին»:
«Ինչ վերաբերում է հաղորդման մեջ նշված՝ իրավունքների սահմանափակումների կոնկրետ դեպքերին, ապա անհրաժեշտ է փաստել, որ այդպիսի մի շարք դրսևորումներ չեզոքացվել են իրավապահպան ամենօրյա գործունեությամբ՝ ի թիվս այլնի, նաև Պաշտպանի հետ համագործակցության արդյունքում: Բարձրացված լինելու դեպքում հաղորդման մեջ թվարկված դեպքերը ևս կարող էին ստանալ համապատասխան լուծումներ», - նշված է հաղորդագրությունում:
Դատախազությունը վստահեցնում է, որ անհանդուրժողական է իրավունքների անհիմն սահմանափակումների նկատմամբ և այդ համատեքստում հանրային և մասնավոր շահերի հավասարակշռված պաշտպանության ինչպես կոնկրետ, այնպես էլ համակարգային խնդիրների լուծման համար պատրաստ է բաց համագործակցության: