Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Մայրության և գեղեցկության տոնը


Հայաստանը այսօր նշում է Մայրության և գեղեցկության տոնը:

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Թող գարնանային այս պայծառ տոնը ձեր հաջողությունների համար նոր սկիզբ դառնա», - ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

«Մեր ժողովրդի ընկալումներում մայրությունը միշտ սրբազան է եղել, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առ այսօր։ Համոզված եմ՝ այդպես է լինելու նաև ապագայում», - իր ուղերձում գրել է Հայաստանի նախագահը: - «Դեռևս Ավարայրից սկսած՝ հայորդիները մարտի են գնացել պաշտպանելու մեր մեծագույն արժեքները` ընտանիքը, հայրենիքը, հավատը։ Հարյուրամյակներ շարունակ մեր մարտակոչերում հնչել է նույն բանաձևը` պաշտպանել մայրերին, քույրերին, հարսներին, նշանակում է պաշտպանել հայրենիք և հավատ»։

«Ի նշան հարգանքի և ակնածանքի՝ այսօր գլուխ ենք խոնարհում մեր զինվորների մայրերի առջև, ովքեր ծնում և դաստիարակում են կորյուններ: Նաև երախտագիտություն ենք հայտնում մեր մայրերին, քույրերին ու կանանց այն մեծ դերակատարության համար, որ նրանք ունեն մեր երկրի առաջընթացի և շենացման գործում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Սերժ Սարգսյանը կանանց մաղթում է «ընտանեկան ջերմություն, հպարտություն ներշնչող զավակներ, երջանկություն և խաղաղ երկինք»։

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Ավետման տոնի առթիվ շնորհավորական ուղերձում մասնավորապես գրել է․ - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն ենք հղում մեր մայրերին, քույրերին և մայրության բերկրանքին սպասող կանանց: Զատկական սրբարար և շնորհանորոգ այս օրերին տոնախմբում ենք Սուրբ Ավետման պանծալի հիշատակը՝ մեր Սուրբ Եկեղեցիների խորաններից խնդրելով Աստվածածին Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր ողջ ժողովրդի և մասնավորապես մայրության ուրախությանը սպասող կանանց համար»:

«Սուրբ Կույսի աստվածասիրության, Տիրոջ հանդեպ աներեր հավատքի բարի օրինակն ունենալով՝ պատմության ընթացքին մեր մայրերն ու քույրերը չեն ընկրկել դժվարությունների առաջ և Աստվածամոր պես ընդունել են Տիրոջ աղախինը լինելու մեծ օրհնությունը: Մեր մայրերն իրենց քաջարի զավակներին մշտապես սնել ու կրթել են իրենց սիրո մեջ շաղախած հավատքով, հայրենասիրությամբ, արիությամբ և անձնազոհությամբ», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ուղերձում:

Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG