Մատչելիության հղումներ

Թալիշի գյուղապետը համագյուղացիներին առաջարկում է առայժմ բնակվել Ալաշանում


40-ամյա Գայանե Աբրահամյանը, ով 23 տարի ընտանիքի հետ բնակվում էր Թալիշում, երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով՝ երեխայի հետ տեղափոխվեց իր ծննդավայր՝ Չարենցավան։

Նրա խոսքով՝ թալիշցիներից շատերը դեմ չեն հայրենիք վերադառնալուն․ - «Մեր ժողովուրդը չեն էլ վախենում: Արխային կգնան, կապրեն: Բայց դե վտանգավոր ա, շատ վտանգավոր ա: Օրինակ, ես չեմ ուզենա իմ էրեխեն նույն բանը տեսնի, նույն բանը զգա»:

Գայանեի 5-ամյա դուստրը վերջին անգամ լսել է ականների պայթյունի ձայնը։ Դրանից հետո՝ երեխան կորցրել է լսողությունը, խոսելու ունակությունը։ Ֆինանսական սուղ պայմանների պատճառով՝ վիրահատություն դեռևս չի իրականացվել։

«Շատ վատ վիճակով դուրս եկանք գյուղից: Ստրեսի մեջ էինք, ամիսներ շարունակ դուրս չէինք գալիս էդ ստրեսից: Փոքրիկս մի ամիս էր չէր կարողանում քներ: Նստում էր, օրորվում նստած տեղը․․․ Մինչև հիմա էլ կա իրա մոտ վախը»:

Գայանե Աբրահամյանի ամուսինը, մյուս դուստրը և որդին բնակվում են Ղարաբաղում։ Ասում է՝ ցանկությունը մեծ է վերադառնալ ընտանիքի մոտ, բայց քառօրյա պատերազմի սարսափը տեսնելով՝ դեռևս խուսափում են․ - «Մոտս վախ կա ամեն րոպե: Որ մի օր չեմ խոսում, վախն արդեն մեջս ա՝ ի՞նչ եղավ, խի՞ չի զանգում․․․ Տեսանք էդ ամեն ինչը, հլը որ վատ ենք տրամադրված։ Բայց որ հետ գնալու ենք, հա , հաստատ։ Բա ուր պիտի գնանք: Ամուսինս չի գալու ընդեղից, մտածում ենք, որ ընդեղ պիտի ապրենք»:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո 40 ընտանիք տեղափոխվեց գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Չարենցավան։ Այսօր թալիշցիների մեծ մասն արդեն վերադարձել են Ղարաբաղ։ Այժմ Չարենցավանում բնակվում է Թալիշից տեղափոխված 10 ընտանիք։

Ալիսա Թումանյանն իր երկու երեխաների հետ նույնպես բնակվում է Չարենցավանում։ Ամուսինը ապրիլյան պատերազմի մասնակից է, պայմանագրային զինծառայող։ Ասում է՝ կարոտը սահմաններ չունի, սակայն այս պահին կարևորը երեխաների խաղաղ կյանքն է․ - «Եթե պատերազմ չլիներ, մենք Թալիշում կլինեինք էսօր, նույն ձևով մեր երեխեքը էնտեղ դպրոց կգնային։ Չէինք մտածի՝ ապագա չկա, գայինք ստեղ»։

Քառօրյա պատերազմից մեծապես տուժած Թալիշի գյուղապետ Վիլեն Պետրոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ գյուղի բնակիչներից շուրջ 300 հոգի այժմ բնակվում է Ղարաբաղի տարբեր բնակավայրերում։ Թալիշում այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շուրջ 46 ընտանիք Լեռնային Ղարաբաղի կառավարության աջակցությամբ տեղափոխվել են Թալիշից 35 կմ հեռավորության վրա գտնվող Ալաշան գյուղ։

«Մենք ընդամենը ձգտում ենք պայմանները նորմալ ստեղծենք, աշխատատեղերի, զբաղվածության հետ կապված հարցեր լուծել, որ ինչքան հնարավոր ա մեր բնակիչները մարդիկ թեթև կյանքով ապրեն։ Ինձ թվում ա, թե էդ ամեն ինչը էսօր հաջողվում ա մեզ, կոնկրետ Ալաշանում բնակվողների պարագայում», - ասաց Պետրոսյանը:

60-ամյա Բորիս Մարտիրոսյանն իր կնոջ հետ միայն Թալիշ վերադառնալու ցանկություն ունի․ - «Թեկուզև Ալաշան, թեկուզև Չարենցավան, թեկուզև Հրազդան, Աբովյան, իմ համար հավասար են դրանք: Բացի Թալիշից: Եթե իմանաս բնակչություն կա, հաստատվում ա, Մարտիրոսյան Բորիս Միքայելովիչը Թալիշում ա»:

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող Մարտիրոսյանն ասում է, որ մինչև այսօր կրած վնասների համար փոխհատուցում դեռ չի ստացել․ - «Էդ փոխհատուցումը տան, տեսնենք ինչ ենք անում։ Տուն-տեղ ենք թողել, հարստություն ենք թողել»։

Թալիշի գյուղապետն «Ազատությանը» փոխանցեց, թե բոլոր ցանկացողները կարող են վերադառնալ ու ապրել Ալաշանում:

Հարցին, թե արդյոք փոխհատուցում կլինի, գյուղապետը պատասխանեց, թե կարծում է, որ կլինի, բայց հստակ ժամկետներ առայժմ չի կարող նշել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG