Մատչելիության հղումներ

Վարչապետը անհրաժեշտ է համարում գրանցված գործազուրկների զբաղվածության խթանումը


Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ
Վարչապետ Կարեն Կարապետյան, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանը անհրաժեշտ է համարել Զբաղվածության պետական գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանումը և նշել, որ այդ նպատակով պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին:

Վարչապետի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը, զբաղվածության ոլորտի պատասխանատուները տեղեկացրել են, որ ոլորտում կիրառվում են ռազմավարական նոր մոտեցումներ: Ըստ նրանց՝ զբաղվածության ցուցանիշների բարելավմանը կնպաստի նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում զբաղվածության կարգավորման նպատակային փորձնական ծրագրերի իրականացումը, Զբաղվածության պետական գործակալության մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Նշվել է, որ 2014-2017 թվականների ընթացքում աշխատանքով ապահովվել է զբաղվածության պետական գործակալությունում գրանցված քաղաքացիների 68.5 տոկոսը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նրա՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ամբողջական վերակազմակերպում: Նախարարն ավելացրել է, որ բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել այս տարվա նոյեմբերից:

Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ իրականացվող քայլերը և ընդգծել, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը: Միաժամանակ, Կարապետյանը հանձնարարել է վերանայել համակարգի ներդրման ժամկետները:

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ պատասխանատուները զեկուցել են, որ դրանց նպատակն է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը՝ խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի իրականացման միջոցով: Բացի այդ, երեխայի խնամքի այլընտրանքային միջոցների զարգացման նպատակով 2018 թվականի ընթացքում նախատեսվում է երեխայի խնամքի ու դաստիարակության այլ ձևերի՝ որդեգրման, խնամակալության գործընթացի խթանում, խնամատար ընտանիքների ընդլայնում, փոքր տների ստեղծում:

Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային օրենսդրության ոլորտում նախատեսվող բարեփոխումներին, մի շարք ծառայությունների թվայնացման ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG