Մատչելիության հղումներ

ՀՀ Նախագահ. Միաժամանակ ԵԱՏՄ և ԵՄ հետ համագործակցությունը սկզբունքային քաղաքականության արդյունք է


Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով․ - «Խորապես համոզված ենք, որ մեր պարտավորությունն է հնարավորության դեպքում կամրջել մեր գործընկերների և դաշնակիցների տարբերությունները և չստեղծել հավելյալ լարվածություններ»:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելն ու միաժամանակ Եվրամիության հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելը Սերժ Սարգսյանը «սկզբունքային քաղաքականության» արդյունք է համարում։ Նա ասել է, թե Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է արդեն ոչ թե որպես 3 մլն բնակչություն ունեցող երկիր, այլ որպես 170 միլիոնանոց շուկայի մաս:

«Պետք է հաշվի առնել նաև Իրանի 80 միլիոնանոց շուկան, որը հենց մեր կողքին է», - հայտարարել է Սարգսյանը:

Իշխանության վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ հասարակության շրջանում կոնսենսուս լինելու մասին Սարգսյանի հայտարարությունը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը այսպես է հասկացել՝ խոսքը թե ԵԱՏՄ-ի, թե ԵՄ-ի հետ բազմաբևեռ քաղաքականություն վարելու մասին է:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավարն ասաց, թե չգիտի ինչ հիմքով է Սարգսյանն արել այդ հայտարարությունը, բայց իրենց կենտրոնի՝ անցած տարի իրականացրած ուսումնասիրությունը այլ բան է ցույց տալիս՝ հայաստանցիները առավել հակված են համագործակցել ԵՄ-ի, քան ԵԱՏՄ-ի հետ․ - «Խոսելով կոնսենսուսի մասին հասարակության մեջ, պետք է ասել, որ իշխանությունները նույնիսկ դա չեն իրականացնում: Հայաստանը էսօր «և-և» քաղաքականություն չի վարում դեռ: Այո, ստորագրեցին Եվրամիության հետ պայմանագիր, մինչև սկսկի աշխատել, ժամանակ կանցնի: Նայեք Հայաստանի բոլոր քվեարկությունները միջազգային ատյաններում․ բոլորը պրոռուսական քվեարկություններ են: Ուրեմն ասածը մեր իշխանությունների հաճախ չի համապատասխանում իրականությանը, ու բացի դրանից, հիմնված չէ հասարակության մեջ եղած տրամադրությունների վրա»:

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։

Նրա խոսքով՝ անցած 10 տարիներին Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված ջանքերը:

«Նախորդող 10 տարիների ընթացքում մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ապահովմանը», - ասել է Սերժ Սարգսյանը:

«Չնայած մեր բոլոր ջանքերին և բարի կամքի դրսևորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու», - նշել է նա՝ ցավով արձանագրելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրընբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով և խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները:

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով, անցած 10 տարիներին Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը պետք է գնահատել կոնկրետ արդյունքներով․ - «Քանի որ մեր արտաքին քաղաքականության կարևոր խնդիրը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն է, մեր հռչական նպատակն է՝ կարգավորման հասնել խաղաղ ճանապարհով, մենք չենք հասել դրան: Մեր նպատակն էր նաև, որ ինչ-որ երկրներ ճանաչեն դրա անկախությունը, որևէ երկիր չի ճանաչել: Այսինքն, այդտեղ նույնպես հաջողություն չկա: Քանի որ Հայաստանի առջև դրված որևէ խնդիր չի լուծել, արտաքին քաղաքականությունը կարելի է համարել ձախողված»:

Ըստ Ստեփան Գրիգորյանի, Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից է՛լ ավելի մեծացավ․ - «Էսօր մեր կախվածությունը Ռուսաստանից այնքան ուժեղ է և՛ էներգետիկայի ոլորտում, և՛ այլ ոլորտներում, որ էսօր մենք չենք կարող վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն: Էսօր մենք չենք կարող քվեարկել միջազգային կառույցներում այնպես, ինչպես բխում է մեր շահերից: Վերջին հայտարարությունը կապված Սկրիպալի գործի հետ․․․ այնտեղ այդ նախաձեռնության տակ, որը Հայաստանը ստորագրեց, նորից կոշտ պրոռուսական դիրքորոշման հետ է կապված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG