Մատչելիության հղումներ

Գյուլենականներին արտաքսելու որոշումը Կոսովոյում ներքաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել


Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայ, արխիվ
Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինայ, արխիվ

Գյուլենական շարժման հետևորդներին արտաքսելու՝ Կոսովոյի ուժայինների որոշումը ներքաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել երկրում՝ է՛լ ավելի խորացնելով տարաձայնությունները նախագահի ու վարչապետի միջև:

Աղմկահարույց պատմությունը սկսվեց անցած շաբաթ, երբ ներքին գործերի նախարարն ու հետախուզության ծառայության ղեկավարը որոշեցին ձերբակալել ու արտաքսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ընդդիմախոս, այժմ Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունեցող վեց թուրքերի:

Հաջորդ օրն իսկ վարչապետ Ռամուշ Հարադինայը հայտարարեց, թե այդ քայլն իր հետ չի համաձայնեցվել, և պաշտոնանկ արեց երկուսին էլ:

Սրանով, սակայն, կրքերը չհանդարտվեցին: Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին, որ հայտնի է վարչապետի հետ իր տարաձայնություններով, այս հարցում էլ հրապարակավ դեմ գնաց նրան:

Վկայակոչելով անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրությունը՝ նախագահը հայտարարեց, թե Թուրքիայի քաղաքացիներն արտաքսվել են, քանի որ վտանգ էին ներկայացնում Կոսովոյի անվտանգության համար:

Տեղական լրատվամիջոցները շտապեցին փաստել՝ արտաքսվածներն աշխատում էին նույն այն դպրոցում, ուր ուսանում էր նախագահի տղան, ստացվում է՝ նախագահն իր որդուն ահաբեկչական դպրո՞ց էր ուղարկում:

Ընդդիմադիրներն ու իրավապաշտպաններ էլ նշում էին՝ թուրքերը Անկարա են ուղարկվել առանց դատ ու դատաստանի, Պրիշտինայում նրանց չեն էլ հարցաքննել: «Վերջ, Կոսովոյում այլևս ինքնիշխանություն չկա, այստեղ ամեն ինչ Էրդողանն է որոշում՝ Հաշիմ Թաչիի ձեռքով», - գրել էր տեղական թերթերից մեկը:

Անկարան իսկապես մեծ ազդեցություն ունի 2008 թվականին անկախություն հռչակած երկրում։ Կոսովոյի օդանավակայանն ու էներգետիկ համակարգը թուրքական ընկերություններին են պատկանում, թուրքերն են նաև երկու խոշորագույն մայրուղիները կառուցում՝ շուրջ երկու միլիարդ դոլար արժողությամբ:

«Թվում է՝ Էրդողանը մի երկրորդ, զուգահեռ պետությունն է կառավարում Կոսովոյում և որոշումներ ընդունում՝ առանց այդ երկրի վարչապետի ու արտգործնախարարի իմացության», - նկատել էր Vocal Europe իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ջուլիեն Հոեզը:

Ինքը՝ Էրդողանը, չի էլ թաքցնում իր ազդեցությունը: Օրեր առաջ նա ոչ միայն քննադատել էր Կոսովոյի վարչապետին, այլև պնդել՝ նա պետք է պատասխան տա իր արածների համար:

«Հեյ, Կոսովոյի վարչապետ, այդ ո՞ր օրվանից ես դու նման որոշումներ ընդունում, ո՞ր օրվանից ես պաշտպանում նրանց, որ հեղաշրջում են ծրագրում Թուրքիայի դեմ, ինչպե՞ս կարող է եղբայրական պետությունը գիրկը բացել հեղափոխականների առջև, դու դեռ պատասխան ես տալու այս ամենի համար», - հայտարարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Չնայած Անկարայից հնչող այս սպառնալիքներին՝ Կոսովոյի խորհրդարանը նախօրեին հատուկ հանձնաժողով է ստեղծել, որը պետք է քննի թուրքերի արտաքսման որոշումն ու պարզի մեղավորներին:

Վարչապետն էլ նախօրեին հայտնել է, թե հեռախոսազրույց է ունեցել Կոսովոյի առանցքային դաշնակիցների՝ Վաշինգտոնի ու Եվրամիության հետ՝ վստահեցնելով, որ կատարվածը սխալ էր և այլևս չի կրկնվի:

Մինչ օրս, սակայն, անորոշ է մնում այս պատմության առանցքային հարցերից մեկը՝ ազգային հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնանկությունը: Վարչապետի այդ որոշումը ուժի մեջ կարող է մտնել միայն նախագահի հավանությունից հետո, որը Հաշիմ Թաչին մինչ այս պահը չի տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG