Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունը չի պատկերացնում, որ «կարող է իրենից անկախ դատական իշխանություն լինել»


Իրավապաշտպանների ու որոշ փաստաբանների խոսքով՝ քանի դեռ Հայաստանում չկա արդարադատություն, Եվրոպական դատարանը կշարունակի ակտիվ քննել Հայաստանից ուղարկված գործերն ու մեկը մյուսի հետևից վճիռներ կայացրել։

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն, 2017 թվականին ավելացել են Հայաստանի դեմ կայացված վճիռներն ու հատուցման ենթակա գումարի չափը։

Ստրասբուրգի դատարանը 2017-ին Հայաստանին պարտավորեցրել է որպես արդարացի հատուցում վճարել մոտ 107 հազար եվրո գումար։ Սա ավելի քան 13 հազար եվրոյով ավելի է 2016 թվականին հատուցման ենթակա գումարից։

2017 թվականին ապօրինի ազատազրկման համար Հայաստանի դեմ հաղթանակ տարած Մեծամորի բնակիչ Արմեն Բադալյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի համար այս վիճակագրությունը սպասելի էր․ - «Հայաստանի դատական համակարգը շարունակում է մնալ այն վիճակում, որ միշտ եղել է: Էն պատճառաբանությունները, թե ավելի շատ են լինում քաղաքացիները և այլն, ես կարծում եմ, հիմնազուրկ են, որովհետև, իմ խորին համոզմամբ, դիմումների քանակը է՛լ ավելի շատ պիտի լիներ: Ես այստեղ տեսնում եմ նաև մեր՝ փաստաբաններիս մեղքը, որովհետև Եվրոպական դատարան գանգատ ներկայացնելը փաստաբանի գործն է, ոչ թե քաղաքացու: Եվ շատ է լինում հանգամանքների բերումով, որ գործը Եվրոպական դատարանի չի հասցվում»:

Համաձայն Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքի տվյալների,
Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո ավելացել են նաև Ստրասբուրգ ուղարկված գանգատները։ Եթե 2002 թվականին ուղարկվել էր 7 գանգատ, ապա հետագայում այս թիվը մի քանի անգամ ավելացել է․ 2016-ին՝ 753 գանգատ, իսկ 2017-ին՝ 356։

Վարոսյանն ասում է, որ մեծամասամբ Հայաստանի դեմ կայացված վճիռներում հիմնականում մատնանշվում են ապօրինի ազատազրկման, արդար դատաքննության իրավունքի խախտումներն ու խոշտանգման դեպքերը։

«Միտում կա, որ առաջիկայում կավելանան նաև խոսքի ազատության խախտումներով գանգատները», - ասում է Վարոսյանն ու պնդում, որ արևմտյան դրամաշնորհներով արդարադատության ոլորտի բարեփոխումները էական արդյունք չեն տվել․ - «Այդ ամեն ինչը, ցավոք սրտի սահմանափակվում է սեմինարներով և ֆուրշեթներով: Էդ գումարները գալիս են շատ վաղուց, էդ դասընթացներն իրականացվում են տասնամյակներ, բայց ցանկություն չկա ուղղակի ինչ-որ բան հեղափոխական առումով փոփոխելու»:

Վարոսյանը կիսում է այն տեսակետը, թե դատավորի սխալ վճռի պատճառով Ստրասբուրգի դատարանի վճիռներով Հայաստանի բյուջեն չպետք է դատարկվի։ Հակառակ դեպքում, նրա խոսքով, վիճակն է՛լ ավելի կվատանա։

Պաշտոնական տվյալներով, անցած 10 տարում Հայաստանը որպես հատուցում վճարել է ավելի քան 1 միլիոն եվրո գումար․ - «Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ իրենց սխալների համար անձինք նաև վճարեն գումարով»:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ղեկավարած Հելսինկյան կոմիտեի գործը Եվրոպական դատարանն արդեն փակել է։ Իշխանյանը բողոքարկել էր հավաքների ազատության խախտումն ու հասել հաղթանակի: Վճռից հետո օրենսդրությունում փոփոխություն արվեց: Իշխանյանն ասաց, որ փոխհատուցում չեն պահանջել։

Իրավապաշտպանը չի կիսում այն տեսակետը, թե դատավորները պետք է սեփական գրպանից հատուցեն։ Դատավորները, ասաց, ինքնուրույն չեն կայացնում այդ որոշումները․ - «Եվ ինչքան էլ Եվրոպայի խորհուրդը հորդորի, որ հնարավորինս քիչ ծանրաբեռնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և տեղական մակարդակով լուծվեն խնդիրները, մինևնույն է, այդ հոգեբանությամբ իշխանությունները չեն պատկերացնում, որ կարող է իրենցից անկախ դատական իշխանություն լինել»:

Իշխանյանը նշում է, որ իշխանություններն արդեն սովորել են՝ գումարը կվճարեն պետբյուջեից և վերջ։ Մինչդեռ նրանք պարտավոր են նաև օրենսդրական փոփոխություններ անել և որոշ դեպքերում նաև վերացնել խախտումը, ինչը երբեմն ձգձգվում է․ - «Ի վերջո իմունիտետ են ձեռք բերել Եվրոպական դատարանի նկատմամբ: Եթե, իմ կարծիքով, սկզբից նրանք բավականին անհանգստանում էին, ապա այժմ շատ պարզ լուծում են գտել՝ փոխհատուցումը տալիս են մեր գրպանից՝ բյուջեից»:

Իրավապաշտպանն օրինակ է բերում ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանի գործը։ Եվրոպական դատարանը հիմնավորել էր, որ նրան խոշտանգել էին, պարտավորեցրել 31 հազար եվրո վճարել Վիրաբյանին, նաև գտնել և պատժել մեղավորներին։ Վիրաբյանը շարունակում է պնդել, որ իրեն ծեծի ենթարկողը Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն է եղել, ում դեմ այդպես էլ քրեական գործ չհարուցվեց։

«Չի փակված, որովհետև չեն կատարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Փոխհատուցումը տալիս ու վերջ», - ասաց Իշխանյանը:

Եվրոպական դատարանի զեկույցում Վիրաբյանի գործը դեռ չի փակվել՝ վճռի կատարումը լիարժեք չի իրականացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG