Մատչելիության հղումներ

Ապագա վարչապետը կունենա երկու նստավայր


Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց, թե ապրիլի 9-ից թևակոխելու են նոր փուլ, այդ թվում նիստերի անցկացման առումով։

Լրագրողների հարցին, թե արդյոք գոհ է իր արածից, երբ իր իսկ նախաձեռնությամբ նիստերն այլևս փակ կլինեն, ինքն էլ կհիշվի որպես մամուլի առաջ դռները փակած նախարար, Հարությունյանը պատասխանեց․ - «Այո, գոհ եմ: Ընդհանրապես որևէ քայլ երբ կատարում եմ, ոս գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության: Այնուամենայնիվ փորձում եմ անել այն, ինչը, իմ կարծիքով, կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում՝ ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»:

Արդարադատության նախարարը հավելեց, որ նիստերի օրակարգը լինելու է բաց, և լրագրողները իրենց հարցերը կարող են ուղղել ճեպազրույցների ընթացքում։ Կառավարության նիստի ավարտին նախարարները կորոշեն, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում․ - «Յուրաքանչյուր նիստում լինում են հարցեր, որոնք միանշանակ ունենում են հանրային կարևոր նշանակություն, և այդ հարցերի վերաբերյալ այստեղ բրիֆինգը լինելու է»:

Ապրիլի 9-ից հետո, երբ Հայաստանը ամբողջովին անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի, նախագահի նստավայրը Բաղրամյան 26-ից կտեղափոխվի Մաշտոցի 47: Վարչապետը նստավայր կունենա ոչ միայն Բաղրամյան 26-ում, այլև Կառավարության շենքում։

«Վարչապետի լիազորություններն այն աստիճան են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների մի զգալի մասը իրականացվելու է դարձյալ վարչապետի կողմից։ Նախագահի նստավայրը շենքը այդ առումով հարմարեցված է մի շարք լիազորությունների պատշաճ իրականացման համար: Այս շենքը հարմարեցված է գործադիր իշխանության լիազորությունները իրականացնելու համար: Այս առումով ես կարծում եմ, որ որևէ զարմանալի բան չկա, որ լիազորությունների մի մասը իրականացվելու է մյուս տարածքից», - նշեց Դավիթ Հարությունյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե մի դեպքում Կառավարությունը հայտարարում է ռեսուրսները խնայելու և օպտիմալացման մասին, մյուս դեպքում հավելյալ ծախսեր անում, Հարությունյանն ասաց, թե խոսքն այստեղ արդյունավետության մասին է․ - «Հանուն օպտիմալացման պետք չի մարդուն, օրինակ, որն ունի երկու ձեռք, թողնել մի ձեռքով, որովհետև երկու ձեռքով կարելի է ավելի շատ գործել: Հիմա նույնն է այս պարագայում: Կան լիազորություններ, որոնք առավել արդյունավետ իրականացվելու են Բաղրամյան 26 շենքից: Կարելի՞ էր արդյոք այստեղ իրականացնել նոր շինարարություն, համապատասխան ենթակառուցվածքներ բերել այստեղ: Տեսականորեն կարելի էր: Բայց արդյո՞ք իմաստ ուներ: Ոչ: Հենց օպտիմալ մոտեցումը այն է, որ Բաղրամյան 26-ը կօգտագործվի մի շարք լիազորությունների իրականացման համար, իսկ այն լիազորությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են Կառավարության գործունեությանը պետք է իրականացվեն, բնականաբար այս շենքում: Այդ է պատճառը, որ վարչապետը ունենալու է երկու նստավայր»:

Լրագրողները նկատեցին, թե Կառավարության անդամները ցանկացած փոփոխություն կարողանում են հիմնավորել, սակայն միշտ չէ, որ այդ հիմնավորումները համոզիչ են:

Հարությունյանի արձագանքը․ - «Թյուր տպավորություն կա, որ մենք մշակում են օրենքները կամ սահմանադրության նախագծերը կամ իրավական ակտերը, որովհետև վերևից ստանում ենք հանձնարարական՝ գնալ այս ուղով, և մենք գնում ենք այդ ուղով: Ես կարծում եմ, այստեղ դուք փոքր-ինչ շփոթում եք փաստաբանի դերակատարման հետ, որը, այո, դատական պրոցեսում պարտավոր է պաշտպանել իր պաշտպանյալին և ներկայացնել բոլոր հնարավոր փաստարկները՝ իր պաշտպանյալի գործողությունները արդարացնելու համար»:

Նախարարն ասաց, որ որոշումները կայացվում են կոլեկտիվ քննարկման արդյունքում։

Մինչ այդ լրագրողական կազմակերպությունները պատրաստվում են իրականացնել հնարավոր բոլոր քայլերը Կառավարությունում ու Երևանի քաղաքապետարանում լրագրողների գործունեությունը սահմանափակող երկու նոր օրենքները չեղարկելու համար: Մեկ տասնյակ կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում պնդում են, թե իշխող կոալիցիան անտեսել է լրագրողների և քաղաքացիական հասարակության կառույցների՝ նախագծերի վերաբերյալ քննադատությունը։

Ապրիլի 9-ին նախագահի երդմնակալության արարողությունից հետո Կառավարությունը հրաժարական է տալու, բոլոր անդամները գործելու են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ։

Վարչապետի ընտրությունից հետո Հանրապետության նախագահին 5-օրյա ժամկետում ներկայացվելու են Կառավարության անդամների թեկնածությունները, իսկ 15-օրյա ժամկետում նրանց 2/3-ը պետք է նշանակված լինի։

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի անդամներին հորդորեց չուրախանալ, քանի որ դեռ աշխատելու են․ - «Սահմանադրության պահանջից ելնելով, մոտակա ժամանակ մենք ներկայացնելու ենք Կառավարության հրաժարականը: Օգտվելով առիթից, բոլորիդ ուզում եմ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Չուրախանաք, հլը շարունակելու ենք աշխատել նույն տեմպով: Տեմպերը չգցեք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG