Մատչելիության հղումներ

Արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը. նոր կարգավորումներ են սահմանվել


Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» նոր օրենքով ի պաշտոնե նվերի ընդունման նոր կարգավորումներ են սահմանվել:

Ըստ նոր օրենքի, արգելվում է պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս նվերների ընդունումը։ Թույլատրելի նվեր ընդունելիս պաշտոնատար անձը պարտավոր է Կառավարության սահմանած կարգով հայտնել այդ մասին:

Ըստ հանձնաժողովի, օրենքում նաև նշվում է, որ եթե պաշտոնատար անձի կողմից ստացված նվերը գերազանցում է 75 հազար դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն՝ հաշվառվում է և հանձնվում պետությանը կամ համայնքին։

Հանձնաժողովը նշում է, որ ներկայումս պաշտոնական թույլատրելի նվերները դասակարգվում են գույքային սպառողականի և ոչ-սպառողականի:

«Եթե գույքային ոչ-սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն իր վերադասի համաձայնությամբ, իսկ վերադաս չունեցող անձն իր նախաձեռնությամբ այն կամ բարեգործության է տրամադրում, կամ նվերը համարվում է համապատասխան մարմնի սեփականությունն ու գույքագրվում: Արդյունքում, նվերը՝ որպես բարեգործություն, կարող է տրամադրվել նախընտրելի անձի, և այն չի դառնա պետական սեփականություն: Եթե գույքային սպառողական նվերն իր արժեքով գերազանցում է 100 հազար դրամը, ապա վերադաս ունեցող անձն այդ մասին հայտնում է իր վերադասին: Դրանով իսկ պաշտոնատար անձը կարող է ընդունել, օրինակ՝ 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույցը՝ ընդամենը հայտնելով վերադասին», - ասված է հաղորդագրությունում:

Հանձնաժողովը միևնույն ժամանակ նշում է, որ դեռևս գործող օրենքով սահմանված չէ, թե որն է գույքային ոչ-սպառողական նվերը: Պարզ չէ նաև վերադաս չունեցող անձի կողմից 100 հազար դրամը գերազանցող սպառողական նվեր ընդունելու հետևանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG