Մատչելիության հղումներ

Թուրքիայի, Իրանի և ՌԴ նախագահները հանդես եկան սիրիական խնդրին վերաբերող համատեղ հայտարարությամբ


Անկարա, 4-ը ապրիլի, 2018 թ․

Սիրիական ճգնաժամի քննարկման օրակարգով այսօր Անկարայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծում են «ամուր և անսասան հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»:

Սիրիական ճգնաժամի հարցում տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեցող այդ երեք երկրների նախագահները ՄԱԿ-ի անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին կոչ են անում մեծացնել Սիրիային հատկացվող հումանիտար օգնությունը: Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Թուրքիայի ղեկավար Էրդողանը, պայմանավորվել են համատեղ ուժերով դաշտային հոսպիտալ կառուցել Արևելյան Գուտայում, որի վրա հարձակումը դարձել է սիրական պատերազմի ամենաարյունալի էջերից մեկը: Իրավապաշտպանների տվյալներով՝ քաղաքը զինյալներից ազատագրելիս այնտեղ զոհվել է 1600 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հարյուրավոր կանայք և երեխաներ:

Ռեջեփ Էրդողանը, Հասան Ռոհանին և Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարությամբ արձանագրում են նաև, որ Աստանայի գործընթացը միակ նախաձեռնությունն է, որի շնորհիվ հաջողվել է նվազեցնել լարվածությունը Սիրիայում, որտեղ ավելի քան 350 հազար մարդու կյանք խլած պատերազմը շարունակվում է արդեն 7 տարի:

Սիրիայում հակամարտող տարբեր կողմերի սատարող Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդները, միևնույն ժամանակ, համոզմունք են հայտնում, որ պատերազմը լուծման տարբերակ չէ, և որ հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական գործընթացների ու բանակցությունների ճանապարհով: Պուտինը, Ռոհանին և Էրդողանն իրենց աջակցությունն են հայտնել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրային և պայմանավորվել հաջորդ եռակողմ գագաթնաժողովն անցկացնել Իրանում:

«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը թույլ չեն տա տարածքային բաժանումներ Սիրիայում»,- շուրջ մեկուկես ժամ տևած գագաթնաժողովից հետո հայտարարել է Իրանի Նախագահը: Ռոհանիի խոսքով՝ այդ երկրի հակառակորդները փորձում էին Սիրիան մասերի բաժանել, սակայն դա նրանց չհաջողվեց: «Մենք դա թույլ չենք տա»,- ընդծել է Իրանի ղեկավարը՝ իր խոսքում մեղադրանքներ հնչեցնելով ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցեին, որոնք, ըստ Ռոհանիի, ցանկանում էին, որ «այդ երկիրը կառավարեն ահաբեկիչները»

Սիրիայի նախագահի ամենամերձավոր դաշնակիցները՝ Իրանը և Ռուսաստանը Բաշար Ասադի հակառակորդներին աջակցող Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ են հավաքվում: Չնայած երեք երկրների միջև այդ և մի շարք այլ հարցերում առկա լրջագույն տարաձայնություններին, Թեհրանը, Մոսկվան և Անկարան հայտարարում են, թե պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունը սիրիական խնդրում:

«Մենք պայմանավորվել են ընդլայնել Սիրիայում եռակողմ փոխգործակցության ողջ համակարգը, առաջին հերթին Աստանայի ձևաչափի շրջանակներում, որը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր արդյունավետությունը: Հենց երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համագործակցության շնորհիվ է Սիրիայում բռնությունների մակարդակը կտրուկ նվազել»,- համոզմունք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի ղեկավարը, հիշեցնենք՝ Անկարա է ժամանել նախօրեին: Վերջին 18 ամիսների ընթացքում նա արդեն 9-րդ անգամ է հանդիպում Էրդողանի հետ: Երեկ Թուրքիայի նախագահը ռուս պաշտոնակցի հետ բանակցություններից հետո հայտարարել է՝ որոշ շրջանակներ չկարողացան փչացնել մեր հարաբերությունները, և երկու երկրները քննությունը հաջողությամբ են հանձնել:

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները երեկ պայմանավորվել են արագացնել S-400 զենիթահրթիռային համակագերի մատակարարման գործարքը, որից, չնայած ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիայի դաշնակիցների հակազդեցությանը, Անկարան մտադիր չէ հրաժարվել, պնդելով, թե ռուսական այդ սպառազինությունն անհրաժեշտ է բացառապես երկրի անվտանգության ապահովման համար: «Որոշել ենք արագացնել ռուսաստանյան այդ բարձրորակ պաշտպանական համակարգերի մատակարարման ժամկետները»,- երեկ բանակցություններից հետո իր հերթին ասել է Պուտինը:

Թուրքական կողմի փոխանցմամբ՝ երկու նախագահների պայմանավորվածության արդյունքում փոփոխվել է նաև ռուսական S-400 համակարգի մատակարարման ժամեկտը․ 2020 թվականի առաջին եռամսյակի փոխարեն համակարգը Թուրքիային կտրամադրվի 2019-ի հուլիսին:

Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտերկրյա պաշտոնական այցով մեկնելով Անկարա, Պուտինն այնտեղ մասնակցել է ռուսների կողմից կառուցվելիք՝ Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ Ակույուի հիմնարկեքին, որի շինարարությունը կարժենա շուրջ 20 միլիարդ դոլար: Այն ամբողջությամբ վճարելու է ռուսական կողմը: Ըստ պայմանավորվածությունների՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկյա ներդրողներին: Պուտինի խոսքով՝ ատոմակայանը շահագործման կհանձնվի 2023 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG