Մատչելիության հղումներ

Անկարայում հանդիպել են Էրդողանն ու նրա «թանկագին բարեկամ» Պուտինը


Անկարա, 3-ը ապրիլի, 2018 թ․

Արևմտյան լրատվամիջոցները նկատում են՝ ռուս-թուրքական համագործակցությունը վերջին ամիսներին ավելի ու ավելի է սերտանում:

Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտերկրյա այցը կատարելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասյօր ժամանեց Թուրքիա՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների սերտացումը, տարածաշրջանի խնդիրներն ու սիրիական ճգնաժամի կարգավորումը: Անկարայում նախագահական պալատում կազմակերպված հանդիսավոր ընդունելությունից հետո երկու երկրների առաջնորդներն առանձնացան՝ դռնփակ ձևաչափով բանակցությունները շարունակելու համար:

Արևմտյան լրատվամիջոցները նկատում են՝ ռուս-թուրքական համագործակցությունը վերջին ամիսներին ավելի ու ավելի է սերտանում: Նախագահ Պուտինի այս այցին նախորդել է երկկողմ շփումների աննախադեպ մի շարք՝ 2017-ին Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը 8 անգամ դեմ առ դեմ հանդիպում և ավելի քան 20 հեռախոսազրույց են ունեցել:

Այս անգամ երկու նախագահները նախ հեռակա կարգով մասնակցել են Թուրքիայի առաջին ատոմակայանի՝ Ակույուի հիմնարկեքին: Չորս բլոկից բաղկացած՝ 4800 մեգավատ հզորությամբ այդ կայանն, ըստ նախնական հաշվարկների, շահագործման կհանձնվի հինգ տարի անց: Շինարարության համար կծախսվի շուրջ 20 միլիարդ դոլար: Ընդ որում, ֆինանսավորումն ամբողջությամբ իր վրա է վերցրել ռուսական կողմը: Երկկողմ համաձայնագրի համաձայն՝ շինարարության ավարտից հետո ատոմակայանի բաժնետոմսերի 51 տոկոսը կպատկանի Ռուսաստանին, իսկ 49 տոկոսը կվաճառվի օտարերկյա ներդրողներին:

Ռուսաստանի նախագահին բնորոշելով որպես «թանկագին բարեկամ», Ռեջեփ Էրդողանն այսօր «Թվիթերում» գրել է․ ««Ակույուն» հսկայական նշանակություն ունի Թուրքիայի և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար»: Կրեմլն իր հերթին հայտարարում է՝ այս ծրագրով Ռուսաստանը տեղ է զբաղեցնում Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման ակունքներում և նպաստում է, որ թուրքերը յուրացնեն ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները:

«Այս մասշտաբային և նորարարական ծրագրի կարևորությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, այսօր մենք ոչ միայն Թուրքիայում առաջին ատոմակայանի հիմնարկեքին ենք մասնակցում, այլև առհասարակ Թուքիայում միջուկային ոլորտի զարգացման հիմքն ենք դնում: Մենք սկսում ենք նոր ոլորտի ստեղծումը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում կառուցվող ատոմակայանից բացի երկու երկրներն այժմ նաև համատեղ գազատար են կառուցում՝ շուրջ 2 միլիարդ դոլար գնահատվող «Թուրքական հոսքը», որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա, ապա՝ հարավարևելյան Եվրոպա:

Էներգետիկ համագործակցությունից բացի, Պուտինն ու Էրդողանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, փակ դռների ետևում քննարկելու են նաև Թուրքիային ռուսական «S-400» զենիթահրթիռային համակագերի մատակարարման ու ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հարցերը:

Թեև ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրապարակավ քննադատել էին Անկարային՝ Կրեմլի հետ կնքված այդ գործարքի համար, թուրքական լրատվամիջոցներն էլ չէին բացառել, որ դրանով Թուրքիան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո, էրդողանի վարչակազմը պնդում է՝ մտադիր չէ հրաժարվել այդ ծրագրերից: Ավելին՝ օրեր առաջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակ երկրներ, միանալով Լոնդոնին, արտաքսեցին ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար մեղադրելով Կրեմլին, Թուրքիայի նախագահը հայտարարեց՝ Անկարան Մոսկվայի դեմ քայլ չի անի «չհաստատված մեղադրանքների հիման վրա»:

Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը չի խանգարում անգամ այն հանգամանքը, որ Անկարան և Մոսկվան տրամագծորեն հակադիր դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում․ Ռուսաստանը պաշտպանում է նախագահ Ասադին, իսկ Թուրքիան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին: «Մենք սերտորեն համագարծակցում ենք Ռուսաստանի հետ նաև Սիրիայում ահաբեկչության վտանգին ու պատերազմին հնարավորինս արագ վերջ տալու հարցում»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ակնկալվում է, որ վաղը Ռուսաստանի և Թուրքայի նախագահներին կմիանա նաև Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին: Եռակողմ քննարկման հիմնական օրակարգային հարցը, ըստ հաղորդումների, սիրիական ճգնաժամն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG