Մատչելիության հղումներ

Քաղաքագիտական տեսանկյունից Փաշինյանի պայքարը ճիշտ է. քաղաքագետ


Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն ուշացած է համարում Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարը։

Սակայն քաղաքագետը նշում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի պայքարը քաղաքագիտական տեսանկյունից ճիշտ է։

«Իհարկե սա ուշացած պայքար է։ Եթե այս խնդիրն այդքան հեշտ՝ 15 օրում լուծելու խնդիր լիներ, իշխանությունը հինգ տարի առաջ չէր սկսի նախապատրաստվել և բազմաթիվ կոմբինացիաներով այսպես մի մեծ օպերացիա անել՝ առաջին էտապով սահմանադրական փոփոխություններ, երկրորդ էտապում խորհրդարանական ընտրություններ, երրորդ էտապում վարչապետի փոփոխություններ», - ասաց քաղաքագետը։

Տպավորություն է, ինչպես Սաֆարյանն ասաց, որ չորս խաղից բաղկացած պարտիա է տեղի ունենում։

«Իշխանությունը երեք պարտիան հաղթել է. ընդդիմությունն առաջին պարտիայի ժամանակ ասել է՝ «ես էդ խաղը չեմ խաղում»՝ Փաշինյանը հայտարարում էր, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, Մարուքյանը զբաղվում էր իր կուսակցության շինարարությամբ, թեև որպես կուսակցություն նա այդպես էլ դիրքորոշում չհայտնեց։ Իշխանությունը գրանցեց 1։0 հաշիվ։ Երկրորդ պարտիան խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ ընդունեցին արդյունքները, և երկրորդ խաղն էլ իշխանությունն ավարտեց 2։0 հաշվով։ Հիմա երրորդ խաղն է եկել. ընդդիմության մի թևն ասում է՝ «ես խաղում եմ», ու խոստանում է հաղթել, բայց ամեն դեպքում պարտվում է։ Հետևաբար պետք չի զարմանալ, թե ինչու է հասարակությունն անտարբեր։ Հասարակությունն ինտուիտիվ հասկանում է, որ չի կարելի նախորդ պարտիաներում չխաղալ, վերջում գալ ասել, որ հաղթելու են»», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով. - «Քաղաքագիտական տեսանկյունից ինչ անում է Փաշինյանը, դա ճիշտ է՝ գնալ հրապարակ և գոնե փորձել պահել ռադիկալ դաշտը։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն էլ լուրջ հավատում է, որ միայնակ կարող է իրավիճակ փոխել»։

Հիշեցնենք՝ «Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրել է Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի փողոցային տարբերակը։

Դաշինքի մյուս անդամ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարում է, թե «պետք չէ գնալ նախկին քաղաքական ուժերի տրորած արահետներով և տրվել կարճաժամկետ փառքի արկածախնդրությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG