Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը գործընթաց է սկսել սպանված երեք հայ զինծառայողների հարազատների՝ Ադրբեջանի դեմ դիմումով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը Ստրասբուրգում, արխիվ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է «Գրիգոր Նարայանն ու մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործը և հարցեր ուղղել Ադրբեջանի կառավարությանը:

Դիմումատուները 2016-ի տարեվերջին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղակայված «Բիթլիս» մարտական հենակետում սպանված զինծառայողներ Էդգար Նարայանի, Էրիկ Աբովյան և Շավարշ Մելիքյանի հարազատներն են: Եվրադատարանում նրանց ներկայացնում են Արտակ Զեյնալյանը և Արա Ղազարյանը:

Հանրագումարի բերելով դիմումատուների ներկայացրած փաստերը՝ Եվրադատարանը արձանագրել է․

2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Ղուրբանովը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և առաջացել դեպի «Բիթլիս»: Ժամը 8:30-ի սահմաններում Նարայանն ու Աբովյանը լքել են մարտական հենակետը և գնացել պետքարան ու ջուր հավաքելու: Երկուսն էլ անզեն են եղել: Կրակոցներ են լսվել, և ավելի ուշ պարզվել է, որ Նարայանն ու Աբովյանը սպանվել են: Մարտական հենակետում գտնվող մյուս զինվորները անմիջապես վազել են կրակոցների ուղղությամբ, հետևել է փոխհրաձգություն, որի ընթացքում զոհվել է հայ երրորդ զինծառայողը՝ Մելիքյանը: Փոխհրաձգությունից մեկ ժամ անց կրակոցները հակառակ կողմից դադարել են, և հայտնաբերվել են սպանված երեք հայ զինծառայողների և Ղուրբանովի դիակները:

Դիմումատուները հայցի մեջ նշել են՝ Ադրբեջանը ընդունել է, որ Ղուրբանովն է սպանել հայ զինծառայողներին, սակայն որևէ հետաքննություն չի անցկացրել, հակառակը՝ պետությունը փառաբանել է նրա գործողությունը և հետմահու նրան Ադրբեջանի ազգային հերոսի կոչում շնորհել, նրա անունով փողոց անվանակոչել: Դիմումատուներն ընդգծել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում․ երեք զինվորները սպանվել են ապօրինաբար, նրանցից ոչ մեկը զինված չի եղել, և այդ պահին նրանք որևէ վտանգ չէին ներկայացնում: Հետևաբար՝ նրանց մահը արդյունք չէ ուժի, որի կիրառումը «բացարձակ անհրաժեշտ» էր:

Դիմումատուները նաև նշում են, որ երեք հայ զինծառայողների սպանությունը տեղի է ունեցել ատելության հողի վրա:

Հիշեցնենք, 2016-ի դեկտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում ադրբեջանական զորքերի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի մասին:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը»», - ասված էր Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG