Մատչելիության հղումներ

Հակառակորդը կորուստներ տալով հետ է շպրտվել, հայկական կողմից երեք զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ


ՀՀ ԶՈւ զինծառայողը հայ - ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

«Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը», - հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը շեշտում է, որ տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետական սահմանի խախտման անհերքելի ապացույցների: «Տեղի ունեցած սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - նշված է հաղորդագրությունում:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ հակառակորդի կորուստների ստույգ թիվը իրենց հայտնի չէ, ադրբեջանցիներից մեկի դիակը մնացել է հայկական կողմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG