Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, դիմակավորված անձը, զենքի նմանվող առարկաներով՝ ատրճանակով և նռնակով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և այնտեղ գտնվող հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Աշխատակցից վերցնելով առանձնապես խոշոր չափերի գումար` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը դիմել է փախուստի։ Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է շուրջ 6 միլիոն 341 հազար դրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի [ավազակությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով], և 235-րդ հոդվածի 1-ին մասի [ապօրինի կերպով հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը] հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, հաճախորդը և ՓԲԸ-ի աշխատակիցը ճանաչվել են տուժող:
Առգրավվել են ընկերության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:
«Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ՝ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է», - ասված է հաղորդագրությունում: