Մատչելիության հղումներ

«Ավելի իրատեսական կլիներ, եթե ՔՊ-ն պահանջեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ». քաղաքագետ


Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն այս պահին մարդաշատ հանրահավաքներն իրատեսական չի համարում։

«Այս պահին ոչ, այս պահին դա իրատեսական չէ, նախորդ մի քանի հանրահավաքներն ապացուցեցին դա։ Ուրիշ բան, որ «Քաղաքացիական պայմանագրի» այդ սկսած շարժումը կարող է արդյունքների հանգեցնել, և արդյունքում վերջին այդ քառօրյա հանրահավաքները կարող են շատ ավելի մարդաշատ լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պայքար ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի։ Փաշինյանը շաբաթ օրը իր կողմնակիցների հետ քայլերթ է սկսել Գյումրիից և պատրաստվում է անցնել Վանաձորով, Սևանով, Հրազդանով, իսկ ապրիլի 13-ին հանրահավաք անցկացնել Երևանի Ազատության հրապարակում:

Հարցին, թե այս 14 օրվա արշավը, որը սկսել է Նիկոլ Փաշինյանն, իրազեկման առումով կարո՞ղ է իր արդյունքներն ունենալ, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. - «Այնքան մարդ, որ բավարար լինի Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար, չեմ կարծում, թե կլինի։ «Քաղաքացիական պայմանագիր»-ն իր առջև նպատակ չի դրել, իմ համոզմամբ, կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը, այդպիսի նպատակ հռչակել է, որպեսզի հասնի այլ նպատակի՝ համախմբել հասարակությանը, դիրքավորվել որպես ընդդիմադիր դաշտի լիդեր, այսինքն՝ նախապատրաստել իր հետագա չորս տարիների քաղաքական ավելի ակտիվ գործունեությունը, նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։ Ըստ գործող Սահմանադրության, հաջորդ վարչապետին ընտրելու է Ազգային ժողովը, որտեղ ՀՀԿ-ն ունի հստակ մեծամասնություն»։

Բաղդասարյանի խոսքով՝ ժողովուրդն Ազգային ժողովի քվեարկության վրա կարող է ազդել միայն բռնության միջոցով, որը և «Քաղաքացիական պայմանագիր»-ը մերժում է։

«Իմ կարծիքով ավելի իրատեսական կլիներ, եթե այդ քաղաքական ուժը պահանջեր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված նոր խորհրդարանն արդեն ընտրեր վարչապետին», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Դիտարկմանը, թե «Ելք» դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համաձայն չեն փողոցային պայքարի՝ Փաշինյանի մարտավարությանը, Բաղդասարյանն այսպես արձագանքեց. - «Ավելի շուտ մարտավարական տարբերություններ են, ուղղակի երկու ուժերը հույս չունեն, որ ինչ-որ բանի կհասնեն, բայց ես կարծում եմ, որ, ամեն դեպքում, այդ երկու ուժերը սխալ են անում, որ չեն միանում «Քաղաքացիական պայմանագրին», որովհետև իրական նպատակներն այլ են, և իզուր են այդ երկու ուժերն իրենց մեկուսացնում դրանից, որովհետև, եթե անգամ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությունը տապալվի, ինչի հավանականությունն ակնհայտ է, միևնույն է դրա արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշը բարձրանալու է, մյուսներինը՝ նվազելու է, անգամ անհաջողության դեպքում։ Դրա համար ինձ համար անհասկանալի է, թե ինչու են մյուսներն իրենց ձերբազատում այդ պայքարից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG