Մատչելիության հղումներ

Երիտասարդ գիտնականները դժգոհում են սուղ ֆինանսավորումից ու հնացած սարքավորումներից


Քիմիական գիտությունների թեկնածու, 30-ամյա Շուշան Դաշյանը, ով 7 տարի վեր աշխատում է Օրգանական և դեղագործական քիմիայի կենտրոնում, ասում է, թե խորհրդային սարքավորումներից այն կողմ դեռ ոչինչ չի տեսել․ - «Եթե բուհ ավարտած երիտասարդը գալիս է ոգևորված և ուզում է զբաղվել գիտությամբ, նա տեսնում է, որ ոչ մի պայմաններ չկա․․․ ասում ա՝ ավելի լավ ա ես գնամ ուրիշ տեղ աշխատեմ՝ ավելի մեծ գումարներով: Ցավալին այն է, որ երիտասարդ գիտնականների մոտ 90 տոկոսը դեպի դուրս է գնում, արտագաղթ է լինում»:

Մինչ երիտասարդ գիտնականները բողոքում են հին սարքավորումներից ու գիտությանը հատկացվող գումարների սղությունից ու պնդում, որ իրենց ներուժը չիրացված է մնում, անցած շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ղեկավարները, ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ասել էին, թե Հայաստանում գիտության առաջընթացին, ինչպես նաև երիտասարդ գիտնականների զարգացմանը նպաստելու նպատակով ստեղծված ծրագիրը լիովին ծառայում է իր նպատակին և մեծ խթան է գիտությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդների համար:

Մինչդեռ, երիտասարդ գիտնականների խոսքով՝ թեև իրենք ձգտում ու մեծ ներուժ ունեն, սակայն չեն կարողանում առաջընթաց գրանցել՝ ֆինանսական ներդրումներ չունենալու պատճառով:

Հրաչյա Անանիկյանն, ով բույսերի հետազոտությամբ է զբաղվում, նկատում է․ - «Կան լուծիչներ, որոնք բավականին թանկ են: Ստիպված ենք լինում փոխարինել ինչ-որ ուրիշ լուծիչներով, որոնցով ոչ այդպիսի արդյունք ենք ստանում: Ֆինանսավորման խնդիրը մնում ա․ հետագա հետազոտությունները կանգնում են հենց էդ պատճառներով: Մենք ունենք գիտնականներ, որոնք ուզում են զբաղվել, սակայն ինչ-որ դժվարությունների են գալիս ու կանգ են առնում՝ սրա մեջ փող չկա, էկեք գնանք ուրիշ բանով զբաղվենք, որտեղ որ փող կա, որովհետև ընտանիք պետք ա պահեն»:

Կենսաբանական գիտությունների թեկնածու Սոնա Բուլոյանի խոսքով՝ թեև կենսաբանությունը անընդհատ զարգացող ոլորտ է, սակայն իրենք նորագույն փորձեր չեն կարողանում անել։ Հնադարյան մեթոդներով և տեխնիկայով նոր բան հայտնաբերելը հնարավոր չէ, իսկ մրցակցության մեջ մտնելը՝ ծիծաղելի․ - «Որոշել էին կլինի հիմնել՝ առնետների և տարբեր տեսակի լաբորատոր կենդանիների բազմացման համար, անգամ պրոեկտ ենք ներկայացրել Ակադեմիա, սակայն ֆինանսավորում դեռևս չենք ստացել: Մենք տարածքը ունենք, մասնագետները ունենք, մեզ ուղղակի պետք են ֆինանսական միջոցներ, որ ամեն ինչ ներդրվի և համապատասխանի միջազգային ստանդարտներին: Որովհետև երբ որ մենք գրանտ ենք ուզում բերել՝ համագործակցելու Ամերիկայի կամ Եվրոպական միության երկրների հետ, նրանք ասում են՝ դուք համապատասխան վիվարիումի պայմաններ չունեք, այսինքն՝ ձեր լաբորատոր կենդանիները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին»:

Երիտասարդ գիտնականների համոզմամբ՝ հայաստանյան իշխանությունները արագ շահույթ ստանալու կողմնակից են, իսկ գիտական արդյունքները միանգամից չեն երևում:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայում ունեցած ելույթին, թե գիտնականները պետք է կարողանան փոքր հնարավորություններով լուրջ խնդիրներ լուծել, կենսաբանը նկատեց. - «Միգուցե սովետական դարաշրջանում հնարավոր էր, բայց արդի պայմաններում դա ուղղակի ծիծաղելի է»։

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը իր լաբորատորիայի համար ոչ թե պետական աջակցությամբ, այլ սեփական ուժերով է գտել հետազոտությունների համար անհրաժեշտ սարքերը:

Նա կարծում է, որ խնդիրը միայն ֆինանսի մեջ չէ, այլ ամբողջ համակարգի․ - «Գիտահետազոտական ինստիտուտները դրանք պետական հիմնարկներ են և ցանկացած գնում, որ նրանք իրականացնում են, թեկուզ նույն պետության կողմից տրամադրված դրամաշնորհների շրջանակում, նրանք պետք է դա իրականացնեն «Պետական գնումների մասին» օրենքի համաձայն, այսինքն՝ տենդեր հայտարարեն և այլն: Էդ ամբողջը տևում է ամիսներ: Եթե արտասահմանում մեր գործընկերը որևէ նյութ գնելու համար պատվիրում է և հաջորդ օրը կամ երկու օր հետո այդ նյութը բերում են լաբորատորիա, մեր մոտ ցանկացած նյութ գնելու պրոցեսը տևում է ամիսներ: Կորում է նաև մրցակցության հնարավորությունը»:

Ու թեև իշխանությունները պարբերաբար խոսում են գիտելիքահեն տնտեսության կարևորության մասին, երիտասարդ գիտնականները ցավով ասում են՝ Հայաստանում գիտության նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա հենց իշխանության կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG