Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները համատեղ հուշագիր են ստորագրել երեք երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու համար:
Նուրեթին Ջանըքլիի, Զաքիր Հասանովի և Լևան Իզորիայի երկօրյա հանդիպումը անցկացվել է Թուրքիայի Գիրեսուն սևծովյա հանգստավայր քաղաքում: Հուշագիրը մարտի 31-ին ստորագրվել է բանակցությունների ավարտին:
Համատեղ ասուլիսում Վրաստանի պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով և օրինակելի համարելով ռազմական ոլորտում երեք երկրների համագործակցությունը, ասել է, որ տարածաշրջանային ցանկացած ծրագիր՝ էներգետիկ, առևտրային կամ ցանկացած այլ ոլորտի, մեծապես կախված է իրենց համագործակցության մակարդակից:
Վրաստանի պաշտպանության նախարարության Թվիթերի էջում Լևան Իզորիան գրել է․ - «Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև պաշտպանական ոլորտի ռազմավարական համագործակցությունը խորանում է»:
Համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը գովաբանել է Թուրքիային՝ ասելով, որ թուրքական բանակը ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակներից մեկն է: Զաքիր Հասանովն ասել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանը կանգնած է Թուրքիայի կողքին: Ընդգծելով երկու երկրների կապերը՝ նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ունեն նույն լեզուն, կրոնը և մշակույթը:
Գիրեսունում եռակողմ հանդիպումից բացի տեղի են ունեցել նաև Վրաստանի և Թուրքիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները: Քննարկվել են երկկողմ, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումներին վերաբերող հարցեր, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Ասուլիսում Իզորիան հայտարարել է, որ պաշտոնական Թբիլիսին և Անկարան առաջիկայում պատրաստվում են խորացնել համագործակցությունը ռազմատեխնիկական ասպարեզում: «Մենք արդեն իսկ հստակեցել ենք այդ համագործակցության ժամկետները», - նշել է նա: Լևան Իզորիան նաև հայտնել է, որ Վրաստանի զինված ուժերի հազար սպաներ ուսումնավարժական պարապմունքներ են ունեցել Թուրքիայում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը ավելի վաղ էր ժամանել Թուրքիա և մինչ Գիրեսունում եռակողմ հանդիպումը անցած շաբաթավերջին Անկարայում հանդիպումներ էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ:
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ առաջին հանդիպումը կայացել է 2014 թվականին Նախիջևանում, որտեղ նրանք որոշել են կանոնավոր հանդիպումներ ունենալ:
Այս երեք երկրների արտաքին գործերի նախարարները նույնպես 2012-ից սկսած եռակողմ ձևաչափով կանոնավոր հանդիպումներ են ունենում՝ քննարկելով տարածաշրջանային համագործակցության հարցեր: