Մատչելիության հղումներ

Վոլոկոլամսկում նորից բազմահազարանոց հավաք էր


Ռուսաստան - «Յադրովո» աղբավայրի դեմ բողոքի հերթական ցույցը Վոլոկոլամսկում, 24-ը մարտի, 2018թ․
Ռուսաստան - «Յադրովո» աղբավայրի դեմ բողոքի հերթական ցույցը Վոլոկոլամսկում, 24-ը մարտի, 2018թ․

«Աղբային խռովությունները» Մոսկվայի մարզում շարունակվում են: Կիրակի օրը մերձմոսկովյան Վոլոկոլամսկում նորից բազմահազարանոց հավաք էր:

Վոլոկոլամսկի քաղաքապետի խոսքով՝ կենտրոնական հրապարակում երեկ հավաքվել էր շուրջ 6 հազար մարդ, այսինքն՝ քաղաքի բնակիչներից յուրաքանչյուր երրորդը դուրս էր եկել բողոքելու «Յադրովո» աղբավայրի դեմ: Հավաքվածները երեկ պահանջել են նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի հրաժարականը:

Ոչ քաղաքի իշխանությանը, ոչ էլ մարզի նահանգապետին Վոլոկոլամսկի բնակիչները չեն հավատում: Նրանց արդեն խոստացել են արտակարգ իրավիճակ հայտարարել քաղաքում, թունավոր գազերից և հոտերից պաշտպանող հատուկ միջոցներ բաժանել, վերջապես՝ փակել «Յադրովո» աղբավայրը, չընդունել աղբատար մեքենաներ Մոսկվայից: Բնակիչները բողոքում են, որ այս խոստումներից և ոչ մեկը իշխանությունը չի կատարել:

«Պուտի՛ն, օգնի՛ր»՝ այս պաստառներն էին թերևս ամենաշատը երեկվա հավաքին: Հավաքին ելույթ են ունեցել նույնիսկ երեխաներ: 11 տարեկան մի տղա, օրինակ, իր ելույթում ասել է․ - «Եթե չփակեք «Յադրովո» աղբավայրը, այստեղ նոր Չեռնոբիլ կլինի պարզապես»:

Բնակիչները չեն հավատում, որ նույնիսկ բազմամարդ հավաքները կարող են ինչ-որ բան փոխել իրենց քաղաքում, սակայն այլ տեղ մեկնելու միջոցներ շատերը չունեն: Բնակարանները Վոլոկոլամսկում այնքան քիչ արժեն, որ հնարավոր չէ դրանք վաճառել և մեկ այլ վայր մեկնել, բողոքում են քաղաքի բնակիչները:

Մինչ այդ, Վոլոկոլամսկում բազմահազարանոց հանրահավաք էր մարտի 29-ին, երբ թունավոր գազերի նոր արտահոսք էր քաղաքում: Բնակիչները հավաքվել էին չարտոնված միտինգի և իշխանություններից պահանջել քաղաքում հայտարարել արտակարգ իրավիճակ:

Մինչ ոստիկանությունը գրեթե չէր միջամտում նախորդ հավաքներին, նույնիսկ երբ քաղաքացիները հարձակվել էին նախկին քաղաքապետի վրա, պատռել նրա վերարկուն, իսկ նահանգապետին էլ հարվածել էին ձնագնդիով, վերջին օրերին, սակայն, իրավապահները սկսել են ավելի կոշտ գործել: Երեկվա հանրահավաքից առաջ ձերբակալել են ակտիվիստ Արտյոմ Լյուբիմովին, ով բողոքի հավաքի հիմնական մոդերատորներից էր, հանրահավաքից հետո էլ շուրջ մեկ տասնյակ մարդու են ձերբակալել, մի մասին հետո ազատ են արձակել:

Ոստիկանությունը երեկ ստուգել է նաև Մոսկվայից Վոլոկոլամսկ ժամանած լրագրողների փաստաթղթերը:

Հիշեցնենք՝ Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկ քաղաքում տասնյակ երեխաներ գազային թունավորմամբ տեղափոխվել էին հիվանդանոց մարտի 21-ին, ինչը հարուցել էր տեղի բնակչության զայրույթը և պաշտոնյաների հետ բախման պատճառ դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG