Մատչելիության հղումներ

Չեխովի անվան դպրոցի տնօրենը հակադարձում է՝ ինքը ոչ թե 10, այլ 9 տեղակալ ունի


Չեխովի անվան դպրոցը Երևանում
Չեխովի անվան դպրոցը Երևանում

Գայանե Սարուխանյանը հավելում է՝ իրենց հաստիքակազմը բյուջեի վրա ծանրացած չէ, քանի որ դպրոցը նաև ամսական եկամուտ ունի անգլերենի լրացուցիչ կրթական ծրագրերից և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարող է թույլ տալ 9 փոխտնօրեն պահել։

Մամուլի հրապարակումներն այն մասին, որ Երևանի Չեխովի անվան դպրոցի տնօրենը 10 տեղակալ ունի, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, հավելելով՝ փոխտնօրենների թիվը ոչ թե 10 է, այլ՝ 9։ «Այո, դպրոցն ունի, դպրոցը, ոչ թե տնօրենը, խնդրում եմ այս նրբությանն ուշադրություն դարձրեք՝ ունի տարբեր աշխատանքների գծով տեղակալներ, ուսմասվարներ, փոխտնօրեններ, և դրա մեջ որևէ արտառոց բան չակա․ դա հաստատված է տարեսկզբին և տարիֆիկացիայով»,- ասաց Սարուխանյանը:

Մամուլի տեղեկություններով, նա վերջերս քաղաքապետարանից ստացել էր 10-րդ փոխտնօրենի հաստիք ստեղծելու թույլտվություն, մինչդեռ, Չեխովի անվան դպրոցի տնօրենի պնդմամբ, վերջին անգամ փոխտնօրենի հաստիքի ավելացում երկու տարի առաջ է եղել։ Երևանի ամենամեծ դպրոցներից մեկն ունի ուսումնական աշխատանքների գծով 4, մասնագիտական կրթության աջակցության գծով՝ 2 փոխտնօրեն: Փոխտնօրեններից մեկը նոր տեխնոլոգիաների ներդրման գծով է, մյուսը՝ վարչատնտեսական, իսկ իներորդը՝ կադրերի գծով։

Երկար տարիներ դպրոցի տնօրեն աշխատած՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին հատկապես զարմացրել է կադրերի գծով փոխտնօրենի հաստիքը։ «Կադրերի գծով փոխտնօրեն չեմ լսել, հաստիքացուցակ կոչվող փաստաթղթում այդպիսի կարգավիճակ ունեցող հաստիք նախատեսված չէ»,- «Ազատությանն» ասաց Անահիտ Բախշյանը:

Երևանի դպրոցների հաստիքացուցակը հաստատում է քաղաքապետարանը։ Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն «Ազատության» հետ զրույցում ևս հաստատեց, որ կադրերի գծով փոխտնօրենի հաստիք նախատեսված չէ, բայց և հավելեց՝ դա կարգի խախտում չի համարում, եթե դպրոցն ունի հաստիքը պահելու համար անհրաժեշտ գումար, ու առկա է կառավարման խորհրդի համաձայնությունը։

Դպրոցները Հայաստանում ֆինանսավորվում են աշակերտների թվին համապատասխան չափով և ունեն կառավարման խորհուրդ։ Այդ խորհրդի համաձայությամբ և թույլտվությամբ էլ տնօրինվում է գումարը։ Քաղաքապետարանի գործառույթներից է՝ հետևել, որ հաստիքների գոյությունն արդարացված լինի։ Չեխովի անվան դպրոցի տնօրենը նշում է՝ դպրոցն ամսական եկամուտ ունի անգլերենի լրացուցիչ կրթական ծրագրերից և աշխատանքի արդյունավետության բարձրացման համար կարող է թույլ տալ 9 փոխտնօրեն պահել։ «Մեր փոխտնօրենի աշխատավարձն այդքան էլ բարձր չէ, որ լրագրողները սարսափահար խոսում են 9 տեղակալների մասին: Նրանցից ոչ մեկը չունի անձնական մեքենա»,- ասաց Գայանե Սարուխանյանը:

Նրա համոզմամբ՝ 1700 աշակերտ ունեցող, երկու տարբեր հասցեներով մասնաշենքերում տեղակայված դպրոցի համար փոխտնօրենների 9 հոգանոց կազմն ուռճացված չէ։ Անահիտ Բախշյանը չի բացառում՝ տեղակալների մեծ թիվը կարող է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը, բայց մյուս կողմից էլ նա մատնանշում է պաշտոնյաների, որոնք ունեն տասնյակ խորհրդականներ ու օգնականներ, սակայն նրանց աշխատանքի որակն անբավարար է։

«Մեր կառավարման համակարգում առկա խորհրդականների ու տեղակալների թիվը շատ է, բայց արդյունավետությունը տեսանելի չէ»,- ասում է Անահիտ Բախշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG