Մատչելիության հղումներ

Հայաստան - Արցախ մշակութային համագործակցությունը նորանոր ոլորտներ է ընդգրկում


Ստեփանակերտի թատրոնի շենքը:

Մեկ ամիս առաջ երկու երկրների Մշակույթի նախարարները համագործակցության և պատմամշակութային հուշաձանների պահպանության ոլորտում հուշագիր ստորագրեցին, որին անմիջապես հաջորդեց «Արցախ, իմ սեր» բարեգործական ծրագիրը, որից ստացված ողջ հասույթը տրամադրվում է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնին՝ հիմնանորգման համար:

Այս ծրագրի շրջանակներում միավորվել են Հայաստանի բոլոր համերգաթատերական հաստատությունները՝ մեկական համերգի կամ ներկայացման ողջ հասույթը փոխանցելով Ստեփանակերտի դրամատիկական թատրոնին:

Այսօր Երևանում՝ Մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին նախարարներ Արմեն Ամիրյանը և Սերգեյ Շահվերդյանը ներկայացրին ոչ միայն արդեն իրականացվող, այլև առաջիկա ամիսներին իրականացվելիք ծավալուն ծրագիրը:

Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի թատերախմբերը, նվագախմբերը, համույթները փոխադարձ հյուրախաղերով հանդես կգան, համատեղ համերգներ կհնչեն: Դրանցից առաջինը կկայանա մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, երբ Արցախի մայրաքաղաքում հանդես կգա դեռ անցյալ տարի հիմնադրված Համահայկական նվագախումբը՝ մոտ 180 հոգանոց կազմով:

«33 խոշորագույն մշակութային միջոցառում պետք է տեղի ունենա Արցախում, այդ թվում՝ երիտասարդ նկարիչների պլեներ Շուշիում, այդ թվում՝ Հաղթանակի օրվա համերգը: Ի դեպ, նաև պետք է ասենք, որ երևանյան մշակութային ծրագրերին ներգրավվելու են Արցախի ստեղծագործական խմբերը: Օրինակ, Ապրիլ 24-ին Համահայկական երգչախմբի կազմում են նաև Ստեփանակերտի երգչախմբի անդամները: Եվ այս առումով մենք փորձում ենք մշակութային որոշակի ինտեգրում ապահովել», - ասաց Արմեն Ամիրյանը:

«Բոլոր կոլեկտիվները, որ այցելելու են Ստեփանակերտ, ըստ հնարավորության պիտի հաղորդակցվեն նաև Արցախի շրջանների բնակչության հետ, որպեսզի մշակույթը ապակենտրոնացնենք մայրաքաղաքներից ու դարձնենք ամբողջ բնակչության հասանելիքը», - հավելեց նրա արցախցի պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանը:

Ամիրյանը շարունակեց․ - «Այստեղ են գտնվում Արցախի Մշակույթի նախարարության պաշտոնյաները, պատասխանատուները, և համաձայն մեր մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածության, մենք այստեղ աշխատում ենք միասին փորձի փոխանակման առումով: Նմանատիպ հանդիպում մենք ունենալու ենք նաև Ստեփանակերտում, որպեսզի մենք տեղում ծանոթանանք, թե ինչպես են աշխատում մեր գործընկերները, և ինչ կարող ենք մենք մեկս մյուսին փոխանցել, փոխանակել»:

Շահվերդյանը վստահություն հայտնեց, որ երկու նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը կտարածվի դրանց ենթակա ստորաբաժանումների վրա:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը, անդրադառնալով Արցախում մայիսի 9-ին կայանալիք համերգին, նշեց․ - «Անցած տարի մենք Ապրիլ 24-ին մեկնարկեցինք Համահայկական նվագախմբի համերգը Երևանում և կարողացանք հայազգի շատ բարձրակարգ երաժիշտների Հայաստան բերել՝ 21 պետությունների թվով 50 քաղաքներից, միացան նաև Երևանից մեր նվագախմբերի երաժիշտները: Այս տարի այլևս կայացած այդ նվագախումբը, ի ուրախություն, նույնիսկ երկու համերգով հանդես կգա․ առաջինը Ղարաբաղում՝ Ստեփանակերտի հրապարակում բացօթյա համերգով, երկրորդը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ամսի 14-ին»:

Ի դեպ, Ստեփանակերտում և Երևանում կայանալիք Համահայկական նվագախմբի համերգային ծրագրերը տարբեր են լինելու․ - «Խորհրդակցելով Արցախի նախարարի հետ, հասկացանք, որ պետք է արցախյան խմբերը նույնպես ներգրավվեն այդ համերգի մեջ: Այդ պատճառով մենք ունենալու ենք ոչ միայն համահայկական նվագախումբը: Ունենալու ենք նաև Արցախի երկու երգչախմբերը, «Հովեր» երգչախումբը, Արցախի պարի պետական անսամբլը, էստրադային նվագախումբը, ջազ նվագախումբը․․․ Այսինքն շատ մեծ միասնական մի համերգ է, և սա մեկնարկն է այն բանի, ինչը հավաստեցին երկու նախարարները»:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի հիմնանորոգմանը, ապա Արցախի Մշակույթի նախարարը հիշեցրեց․ - «Ադրբեջանի ժամանակաշրջանում Ղարաբաղում միակ հայկականություն պահող օջախը Ստեփանակերտի թատրոնն էր, որը շենքը կառուցվել է 1952 թվականին: Շենքը այն ժամանակ կառուցվել է համաժողովրդական ջանքերով: Հիմա հասունացել է ժամանակը այդ շենքը վերանորոգել համաժողովրդական ջանքերով: Պարոն Ամիրյանի նախաձեռնությունը՝ ներգրավել այդ նախաձեռնության մեջ թատերահամերգային կազմակերպություններին, շատ մեծ ոգևորություն առաջացրեց Ղարաբաղում: Մենք տեսանք, որ համաժողովրդական ներդրումը մշակութային օջախների կառուցման մեջ կարելի է նաև մեր օրերում իրականացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG