Մարտի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։
Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ են ունեցել հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին:
Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:
Կողմերը քննարկել են Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները:
ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։