Մատչելիության հղումներ

Դեռ չի նշմարվում էն ռեսուրսը, որը թույլ կտա ասել՝ Սարգսյանին վարչապետությունից հետ պահելու ազդեցիկ գործընթաց կձևավորվի. Բադալյան


Առայժմ չի նշմարվում էն ռեսուրսը, էն ճանապարհը, որը թույլ կտա ասել, որ իսկապես կարող է ձևավորվել Սարգսյանին վարչապետությունից հետ պահելու ինչ-որ գործընթաց, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

Նշենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը կստանձնի նախագահի իր պարտականությունները՝ ԱԺ հատուկ նիստում։ Նույն օրը կառավարությունը հրաժարական կտա և 7-օրյա ժամկետում արդեն խմբակցությունները կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։

Ընդդիմադիր մի քանի ուժեր հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար սկսելու մասին։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց Բադալյանից, թե «այս ուժերը կարո՞ղ են որևէ կերպ ստիպել հանրապետականներին Սերժ Սարգսյանին չառաջադրել վարչապետի թեկնածու, և ինչպե՞ս պետք է դա լինի, ինչպես նրանք են ասում, միայն ժողովրդի ընդվզման միջոցո՞վ», Բադալյանը պատասխանեց. - «Իրենք էլ ասում եմ, որ միակ միջոցն էդ զանգվածի հնարավորինս մեծ լինելն է, բոլորը կարծես թե էդ են ասում, որ եթե հրապարակում հավաքվի 50 հազար, 100 հազար մարդ, Սերժ Սարգսյանը չի առաջադրվի։ Եվ իսկապես, եթե այդքան մարդ հավաքվի և պահանջի չառաջադրվել, դժվար է էդ զանգվածի պահանջին չենթարկվելը, տեղի չտալը, բայց ամբողջ հարցն այն է՝ արդյո՞ք հնարավոր է 50-100 հազար մարդ հավաքելը, ինչի՞ համար է հնարավոր, էդ մարդիկ ինչո՞ւ պետք է գան։ Էս հարցերի պատասխանները մինչև հիմա կարծես թե չկան։ Մինչև հիմա բոլոր հարցերին պատասխանում են, որ իրենք ինչ-որ բան գիտեն, ժամանակը կգա, կասեն։ Սրանք մի քանի անգամներ կրկնված վիճակ են, և, համենայն դեպս, նախադեպերի առումով եթե առաջնորդվենք, էս տարբերակները, էս մոտեցումները ոչ բերում են 50-100 հազարանոց հավաքների, և ոչ էլ բերում են այլ շոշափելի արդյունքների, բացի կոնկրետ տվյալ քաղաքական միավորների, խմբերի կամ այլ անհատների համար ինչ-որ ավելի փոքր խնդիրներ լուծելուն»։

«Հասարակությունը չափազանց ռացիոնալ է մոտենում նման մեթոդաբանության պայքարի առաջարկներին և, համենայն դեպս, առայժմ չի նշմարվում էն ռեսուրսը, էն ճանապարհը, որը թույլ կտա ասել, որ իսկապես կարող է ձևավորվել Սարգսյանին վարչապետությունից հետ պահելու ազդեցիկ ինչ-որ գործընթաց։ Այստեղ կարող է լինել այլ ինտրիգ, որ փողոցում ծավալվող իրադարձություններում արդյոք իրենց համար որևէ օգտակար, որևէ օգտագործելու ենթակա գործոն կտեսնեն իշխանության այս կամ այն թևերը», - ասաց Բադալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG