Մատչելիության հղումներ

Շարմազանովը՝ Փաշինյանին. «Ոչինչ և ոչ ոք չի կարող սահմանափակել իմ սահմանադրական իրավունքը»


Վարչապետության հետ կապված Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) դեռ ինստիտուցիոնալ պաշտոնական քննարկում չի ծավալել։ Այդ մասին երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Երբ գա քննարկումը, մենք կիրականացնենք այդ քննարկումը և կհայտարարենք մեր որոշման մասին», - ասաց Շարմազանովը։

Նշենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը վայր կդնի նախագահի իր լիազորությունները, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը նույն օրը կստանձնի նախագահի իր պարտականությունները՝ ԱԺ հատուկ նիստում։ Նույն օրը կառավարությունը հրաժարական կտա և 7-օրյա ժամկետում արդեն խմբակցությունները կառաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին։

«Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ միանշանակ է, որ Սերժ Սարգսյանը փորձելու է վերարտադրվել արդեն վարչապետի պաշտոնում։ Նա հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «գործողությունների շարժում» է սկսում։ «Հնարավորինս քիչ խոսքեր, և հնարավորինս շատ գործողություններ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Քաղաքացիական անհնազանդության գործողություններ կարող են լինել, որոնք ֆիզիկապես հնարավորություն չտան էդ գործողություններն իրականացնել Հանրապետական մեծամասնությանը: Այդ թվում՝ կարող են ուղղակի էդ համակարգի գործոնեությունը կաթվածահար անել․․․ ոչ թե բռնությամբ․․․ իրենց ներկայությամբ, ուղղակի որևէ տեղ կանգնած լինելով»։

«Ազատության» խնդրանքով արձագանքելով Փաշինյանի այս հայտարարությանը՝ Շարմազանովն ասաց. - «Որևէ մեկն իրավունք չունի, որպես Ազգային ժողովի պատգամավոր, խոչընդոտել մեր սահմանադրական իրավունքը, քվեարկել և իրականացնել մեր ազատ պարտականությունը և պատասխանատվությունը պառլամենտում քվեարկելու համար, սա մեկ, երկրորդը՝ ես հարցով հարց եմ ուղղում Ձեր նշած բանախոսին [Նիկոլ Փաշինյանին]՝ եթե «Ելք» խմբակցությունն, օրինակ, ունենար մեծամասնություն, որևէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը, կամ որոշելու իրավունքը՝ ով լինի վարչապետ, իրենք ինչպե՞ս կնայեին։ Մեր ժողովուրդը ձայն է տվել, և մենք՝ օգտվելով Հայաստանի Հանրապետությունում և առհասարակ մեր միակ պատվիրատուից, իսկ մեր պատվիրատուն Հայաստանի քաղաքացին է, քաղաքական պատվերից, մենք կիրականացնենք այդ որոշումը, իսկ մնացածն արդեն իրավապահների խնդիրն է»։

Շարմազանովը հավելեց՝ հակասահմանադրական և հակաօրինական գործողությունները թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության կողմից, անընդունելի են։

«Բոլոր այն գործընթացները, որոնք որ կլինեն օրինականության սահմաններում, անկախ նրանից ես ընդունում եմ, թե՝ չէ, ինձ համար դրանք սահմանադրական են, բոլոր այն գործողությունները, որոնք անկախ դրանից դա կանի իշխանությունը, թե ընդդիմությունը, որոնք որ հակասահմանադրական են և հակաօրինական, դրանք ընդունելի չեն։ Իսկ ես, որպես Ազգային ժողովի պատգամավոր, ոչինչ և ոչ ոք չի կարող սահմանափակել իմ սահմանադրական իրավունքը, որպես Ազգային ժողովի պատգամավոր, այնտեղ քվեարկել իմ խղճին համապատասխան», - ասաց ՀՀԿ խոսնակը։

Հարցին, որ նույնիսկ եթե բազմահազար մարդի՞կ դուրս գան փողոց, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. - «Այո՛, այո՛, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի վեչեն չէ՝ ով բարձր գոռա, նա որոշի։ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ժողովրդավարական երկիր, որոշում է ընտրություններով, և կա Սահմանադրություն։ Ժողովրդավարության հիմնական չափորոշիչը դա օրինականությունն է, չի կարելի մինչև ժամը մեկը լինել օրենքի պաշտպան, կամ աշխատանքային օրերին լինել ինստիտուցիոնալ ընդդիմություն, լինել Ազգային ժողովի խորհրդի անդամ, ներկայացնել հարցապնդումներ, օգտվել սահմանադրությամբ ընդդիմությանը տրված լիազորություններից և իրավունքներից և մերժել սահմանադրությամբ մեծամասնությանը տրված լիազորությունները»։

Նիստին հաջորդած ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG