Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան Սկրիպալների թունավորման գործից որոշ մանրամասներ է հաղորդել


Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետաքննությունից որոշ մանրամասներ են հաղորդվել:

Բրիտանիայի ոստիկանությունը գտնում է, որ նյարդապարալիտիկ թունավոր նյութը՝ «Նովիչոկը» քսված է եղել Սոլսբերիում գտնվող Սկրիպալի տան դռան բռնակին:

Սկրիպալը և նրա դուստրը թունավոր նյութին հպվել են տան մուտքի մոտ: Ոստիկանությունը պաշտոնապես հաղորդել է, որ նյարդապարալիտիկ նյութի ամենամեծ խտությունը հայտնաբերվել է հենց մուտքի դռանը:

Մասնագետները հետազոտել են Սկրիպալի տունը և տան շրջակայքը, Սոլսբերիի գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սերգեյ Սկրիպալի կինը և որդին:

Թունավոր նյութի հետքեր են հայտնաբերվել նաև Սկրիպալի ավտոմեքենայում, ռեստորանում, որտեղ նրանք միասին ճաշել են, առևտրի կենտրոնում, որտեղ 66-ամյա Սկրիպալը և նրա 33-ամյա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվել էին անգիտակից վիճակում:

Թունավորումից երեք շաբաթ անց նրանց վիճակը մնում է ծանր։ Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորիա Սկրիպալն, ասել է, որ Սերգեյ Սկրիպալը և Յուլիան փրկվելու շատ փոքր շանս ունեն:

«Թունավորումից երեք շաբաթ անց կանխատեսումներն իրոք լավը չեն, 99 տոկոսով նրան դժվար թե փրկվեն, փրկվելու ընդամենը մեկ տոկոսի շանս կա, եթե անգամ նրանք ապրեն՝ ամբողջ կյանքում հաշմանդամ կմնան», - BBC-ի ռուսական ծառայությանը մարտի 28-ին ասել է Վիկտորիա Սկրիպալը։

Նա բնակվում է Ռուսաստանում և ասել է, որ Սերգեյ Սկրիպալի ծեր մայրը մինչև հիմա չգիտե որդու թունավորման մասին: Միջադեպ, որը դիվանագիտական միջազգային մեծ սկանդալի պատճառ է դարձել:

Բրիտանիան համարում է, որ Սկրիպալի վրա հարձակման հետևում մեծ հավանականությամբ կանգնած է Մոսկվան: Լոնդոնը ռուսաստանցի 23 դիվանագետ է արտաքսել: Մոսկվան պատասխանել էր՝ արտաքսելով նույն քանակի բրիտանացի դիվանագետի:

Աշխարհի գրեթե երեք տասնյակ երկրներ աջակցելով Բրիտանիային, իրենց երկրներից արտաքսել են շուրջ 150 ռուսաստանցի դիվանագետի: Իսկ Սլովակիան, Մալթան և Լյուգսեմբուրգն իրենց դեսպաններին հետ կանչել Մոսկվայից:

Մոսկվան կտրուկ հերքում է Սկրիպալի թունավորմանը առնչություն ունենալու բոլոր մեղադրանքները:

Ավելին՝ Մոսկվան Լոնդոնին մեղադրում է Բրիտանիայի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը չապահովելու մեջ:

Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է Բրիտանիայի իրավապահներին՝ խնդրելով ռուսական կողմին տրամադրել Սկրիպալի թունավորման հետաքննության նյութերի պատճենները: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի կայքը:

Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում դատապարտվել էր ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել եվրոպական երկրներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար:

Նա ազատ էր արձակվել բացահայտված լրտեսների փոխանակման արդյունքում և 2010 թվականից տեղափոխվել և բնակվում էր Մեծ Բրիտանիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG