Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտար պետությունների ղեկավարներ չեն հրավիրվել. ներկա չի լինի նաև արքայազն Չարլզը


Արմեն Սարգսյան, արխիվ
Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանն օտարերկրյա պետությունների ղեկավարներ և պաշտոնական պատվիրակություններ չեն հրավիրվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց նորընտիր նախագահի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը:

Վերջինիս փոխանցմամբ, օտարերկրյա հյուրեր կլինեն, թե ովքեր, առայժմ չեն կարող հրապարակել, սակայն Մեծ Բրիտանիայի թագավորության արքայազն Չարլզը հրավիրյալների ցանկում չկա: Մինչդեռ, նկատենք, մամուլն ավելի վաղ գրել էր, թե Արմեն Սարգսյանը ցանկություն ունի, որպեսզի արտերկրից հրավիրվող պաշտոնյաների ցուցակը գլխավորի հենց արքայազն Չարլզը:

Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ազգային ժողովի խորհուրդը նաև որոշում է կայացրել նիստի անցկացման կարգի մասին: Ըստ այդմ, հատուկ նիստին հրավիրվող անձանց ցանկը կհաստատի Ազգային ժողովի նախագահը:

Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ կբերվեն Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:

Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանված երդմամբ հանդես կգա հանրապետության նորընտիր նախագահը: Ապա ելույթ կունենան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նորընտիր նախագահը:

Նշենք, որ հրավիրյալների ցանկն առայժմ չի հրապարակվել, սակայն ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավարը, նորընտիր նախագահը ցանկություն է հայտնել, որպեսզի իր երդմնակալության արարողությանը ներկա լինեն Հայաստանի բոլոր նախկին նախագահները, այդ թվում՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդեն իսկ հայտնի է, որ Քոչարյանը ներկա չի լինի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը, քանի որ, ինչպես նրա գրասենյակի ղեկավարն էր նշել, Քոչարյանն այդ օրերին լինելու է արտերկրում։

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա նրա մասնակցության հարցը մինչ այս պահը հստակ չէ:

Լևոն Տեր-Պետրոսյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, արխիվ
Լևոն Տեր-Պետրոսյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, արխիվ

«Ելք»-ն, ըստ ամենայնի​, չէ մասնակցի Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Նշենք, որ ապրիլի 9-ին կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստին, ըստ ամենայնի, չի մասնակցի նաև խորհրդարանական ուժերից ընդդիմադիր «Ելք»-ը։

Դաշինքի երկու անդամները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն «Ազատության»-ը փոխանցեցին, որ այս հարցում դեռևս վերջնական որոշում չունեն, բայց դաշինքում հակված են չմասնակցել արարողությանը:

«Ընդհանուր հակվածությունն ավելի շատ չգնալու ուղղությամբ է, և մնացածը, բնականաբար, երբ որ օրերը կմոտենան, կխոսենք դրա մասին», - ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այդ հակվածությունը, Մարուքյանը պատասխանեց. - «Քանի որ ես քննարկմանը չեմ եղել, ես ուղղակի գիտեմ, որ էդպիսի հակվածություն կա, որովհետև, եթե չեմ սխալվում, մենք գործուղման մեջ էինք, երբ որ էդ հարցն Ազգային ժողովի խորհրդում քննարկվել է, և հետո նաև խմբակցությունում որոշակի կարծիքներ են փոխանակվել, բայց վերջնական բան չկա էս մասով։ Ավելի հնարավոր է, որ չմասնակցենք, որովհետև որքանով որ նաև հասկանում ենք, խմբակցության մի մասն այլ գործով է զբաղված լինելու, և, հետևաբար, չի լինի այնպես, որ մի մասը գնա, մի մասը չգնա»։

Ճշտող հարցին, թե իր անձնական մոտեցումն այն է, որ պետք է չգնա՞լ, ամեն դեպքում, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. - «Եթե խմբակցության բոլոր անդամներով չենք գնում, ուրեմն չենք գնում, եթե գնում ենք՝ բոլորով գնում ենք»։

Նկատենք, «Ելք» դաշինքի մյուս անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն ապրիլին նախաձեռնում է պայքար Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնում նրա վերարտադրությունը կանխելու նպատակով։

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք մասնակցելու է ապրիլի 9-ին տեղի ունենալիք նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը, Փաշինյանն ասել էր, թե ինքն այդ օրերին չի կարող մասնակցել, թերևս նկատի ունենալով, որ զբաղված է լինելու «14+4» անվանումը ստացած գործողությունների ծրագրի իրականացմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG