Մատչելիության հղումներ

«Փոքր հնարավորություններով լուրջ խնդիրներ պետք է լուծենք». Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին


Պետության պահանջներն ու ակնկալիքները հայ գիտնականներից շատ մեծ են, այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 2017 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովում՝ նշելով, որ գիտնականների հետ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները նույնկերպ շարունակվելու են։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը փաստել է, որ Հայաստանում գիտության զարգացման նոր մոտեցում է տեսնում:

Ըստ նրա, ի տարբերություն տարիներ առաջ և հատկապես 2008-2009 թվականներին գիտնականների ելույթների, որոնք բոլորը հանգում էին ընդամենը մեկ խնդրի՝ ֆինանսների բացակայությանն, այսօր գիտնականներն իրենք են իրենց աշխատանքի գնահատման արդյունքում եկել այն եզրակացության, որ անհրաժեշտ է օպտիմալացնել և եղած միջոցներն արդյունավետ օգտագործել, ինչի մասին խոսվում էր դեռևս 6-7 տարի առաջ:

«Այս մոտեցումն ուղղակի հրամայական է մեր գիտության զարգացման համար», - նշել է նախագահը և ընդգծել, որ պետությունը շարունակում է մնալ նույն համոզման՝ եղած միջոցներով պետք է կարողանալ հասնել առավելագույն արդյունքի:

Ցանկալի արդյունքին հասնելուց հետո, պետական եկամուտների մեծացմանը զուգահեռ, ըստ նախագահի, կտրամադրվեն հավելյալ միջոցներ:

Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ցանկացած իրատեսական, հիմնավորված ծրագրի համար պետությունը մշտապես պատրաստ է եղել և այժմ էլ պատրաստ է միջոցներ գտնելու:

Նախագահի խոսքով՝ պետության ներկայիս հնարավորությունների պայմաններում եղած միջոցների արդյունավետ օգտագործմամբ առավելագույն արդյունքի հասնելու մոտեցումը վերաբերում է անխտիր բոլոր ոլորտներին, այդ թվում՝ բանակին, անվտանգությանը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ պարբերաբար արծարծվող՝ տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտության հարցերը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում են:

Դա հավերժական հարց է, որը քննարկվում է բոլոր երկրներում, և դրա համար, ըստ Սերժ Սարգսյանի, պետք է գտնել հավասարակշռված մի մոտեցում, որը թույլ կտա արդարացնել պետության և հասարակության ակնկալիքները:

Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել գիտության զարգացման և հեռանկարային ծրագրերի հետ կապված խնդիրներով մտահոգ գիտնականների հետ առանձին հանդիպել և քննարկել հնարավոր լուծումները:

Նախագահը կարևորել է նաև գիտության ասպարեզում սերնդափոխության խնդրի լուծումը:

«Մեկ բան ակնհայտ է՝ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության նկատմամբ, և գիտությունը Հայաստանում մշտապես պահանջված է: Ուրեմն և՛ դուք, և՛ ձեզնից հետո եկողները շատ մեծ գործ ունեն անելու: Փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG