Մատչելիության հղումներ

Ուկրաինայում առաջարկում են քննարկել լատինատառ այբուբենի անցնելու հարցը


Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկին, արխիվ
Ուկրաինայի ԱԳ նախարար Պավլո Կլիմկին, արխիվ

Ուկրաինայում լատինատառ այբուբենի անցնելու շուրջ քննարկումներ են սկսել: Ներկայիս՝ Կիրիլյան այբուբենից հրաժարվելը որոշ փորձագետներ համարում են Եվրոպայի հետ մերձեցում, հակառակ ճամբարում էլ մտավախություն ունեն, որ լատինատառ այբուբենը կարող է է՛լ ավելի ծվատել Ուկրաինան:

Լատինատառ այբուբենի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկ է արել երկրի արտգործնախարար Պավլո Կլիմկինը՝ միաժամանակ ընդգծելով, թե իր առաջարկը չի նշանակում հրաժարվել Կիրիլյանից: «Մեր նպատակը ուկրաինական քաղաքական ազգ ձևավորելն է, դրա համար մենք պետք է աշխատենք մեզ միավորող, այլ ոչ թե բաժանող հարցերի շուրջ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Որոշ փորձագետների համոզմամբ՝ լատինատառ այբուբենի անցնելը Ուկրաինան է՛լ ավելի կմերձեցնի Եվրոպային, որտեղ հիմնականում բոլոր ժողովուրդները կիրառում են լատինատառ այբուբեն: Ուկրաինական մամուլը հիշեցնում է, որ ուկրաիներեն լեզվով առաջին լատինատառ տեքստերը ի հայտ են եկել դեռևս 16-րդ դարում: Սակայն ի տարբերություն, օրինակ, սերբերեն լեզվի՝ լատինատառ այբուբենը Ուկրաինայում երկար կյանք չունեցավ:

2005 թվականին երկրի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ավելի առաջ էր գնացել՝ ներկայացնելով լատինատառ այբուբենին անցնելու նախագիծ, որի համաձայն՝ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեին փուլ առ փուլ: Յուրաքանչյուր շրջան ուներ իր վերջնաժամկետը: Օրինակ, առաջին լատինատառ այբուբենը պետք է գործարկվեր երկրի արևմտյան շրջաններում, այնուհետև՝ Կիևում, ապա՝ Ղրիմում, և վերջում՝ ռուսալեզու շրջաններում: Նախագիծը, սակայն, այդպես էլ թղթի վրա մնաց:

Կիրիլյան այբուբենից Ուկրաինայի հրաժարվելու և լատինատառին անցնելու մասին լուրերին Ռուսաստանը անթաքույց անհանգստությամբ է արձագանքում:

Խորհրդային Միությունում տարածված Կիրիլյան այբուբենը, այդուհանդերձ, հետխորհրդային տարածաշրջանում հետզհետե անհետանում է, ինչպես, օրինակ, Բալթյան երկրներում, Մոլդովայում, Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում: Անգամ Ռուսաստանի ամենաառանցքային դաշնակիցներից մեկը՝ Ղազախստանը որոշել է մայրենի լեզուն դարձնել լատինատառ: Ղազախստանը, որի այբուբենի 42 տառերից 33-ը ռուսական այբուբենից են, մինչև 2025 թվականը կանցնի լատինատառի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG