Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին


Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, ուղերձում մասնավորապես ասված է. - «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու առիթով Ձեզ եմ ուղղում անկեղծ շնորհավորանքներս և Ձեր առաքելության իրականացման լավագույն մաղթանքներս:

Ուրախ կլինեմ Ձեզ հետ աշխատելու պատմական վաղեմի կապերի վրա հիմնված, ինչպես նաև կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակությունների մակարդակով առկա քաղաքական առանձնաշնորհյալ կապերով պայմանավորված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Վերջերս Եվրոպայի Միության հետ ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի բանակցություններին իր գործուն մասնակցությունը ցուցաբերեց Ֆրանսիան, նոր դինամիկա է հաղորդում, որը, հուսով եմ, կարտահայտվի մեր երկու երկրների միջև ներդրումների և առևտրատնտեսական հարաբերությունների վերելքով:

Սույն թվականի հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն ընձեռում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերը խորացնելու, հատկապես Հայաստանում ֆրանսիական համալսարանը և ֆրանսիական դպրոցը զարգացնելու, ինչպես նաև աշխատանքների ավարտից հետո մշակութային ցուցափեղկ դառնալու կոչում ունեցող Շարլ Ազնավուրի կենտրոնի միջոցով Հայաստանում ֆրանսերեն լեզուն ամրապնդելու եզակի հնարավորություն: Ձեր կողքին Ֆրանսիան կապահովի գագաթնաժողովի հաջողության իր բաժին մասնակցությունը: Ուրախ եմ վերջինիս մասնակցելու և այդ առիթով Հայաստան այցելելու համար:

Վերջում, կցանկանայի հավաստիացնել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, լիովին հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցված և կայուն լուծում գտնելու գործընթացին»:

Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաև Մարոկկոյի թագավոր Մոհամադ Վեցերորդը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահՉան Դայ Կուանը, Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսը, Թունիսի Նախագահ Էլ Բեջի Կաիդ Էլ Սեբսիը, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG