Մատչելիության հղումներ

Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհերի հրապարակված ցուցակում հայկական ազգանուններ չկան


Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում կիրակի օրը տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տվյալները։ Արտգործնախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհայտնի: Այս մասին գրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Զոհվածների ցուցակում, գոնե այս պահի դրությամբ հրապարակված ցուցակում, հայկական ազգանուն չկա:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը հայատարարել է, որ հրդեհի հետևանքով վաթսուն չորս մարդ է զոհվել և սրանք վերջնական տվյալներն են։

Պուչկովի խոսքով, զոհվածներից վեցի մարմինները դեռ առևտրի կենտրոնում են։ Կենտրոնի տանիքը փլուզվել է, հրդեհը այսօր նորից բռնկվել է։

Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան հայտարարել է, որ շուրջ տասը մարդ հիվանդանոցում են, նրանցից երկուսի վիճակը ծանր է, երկուսն էլ հրդեհից փրկվելու համար թռել են չորրորդ հարկից:

Առայժմ վարկածները երկուսն են՝ էլեկտրական լարերի անսարքությունը և կրակի հետ անզգույշ վարվելը:

Ռուսաստանցիները երեկվանից ակտիվ քննարկում են դժբախտությունը սոցիալական ցանցերում և մի շարք հարցեր բարձրաձայնում: Այսպես՝ արդեն հայտնի է, որ երեք կինոթատրոններից առնվազն մեկի դռները փակ էին, որ առևտրի կենտրոնում չի գործել հրդեհի մասին հատուկ ահազանգը, որ հսկիչ մարմինները պատշաճ կերպով չեն ստուգել կենտրոնը, որ ամենուրեք արձանագրվել են անվտանգության կոպիտ խախտումներ, որ փրկարարները հրդեհի վայր են ժամանել ուշացումով։ Կինոթատրոններում փակված երեխաները զանգում էին հարազատներին և հրաժեշտ տալիս նրանց։ Ամենից շատ ռուսաստանցիներին զայրացրել էր նաև, որ երեկ երեկոյան ռուսական դաշնային հեռուստաընկերությունները, երբ արդեն հայտնի էր, որ առևտրի կենտրոնում զոհվել են տասնյակ երեխաներ, չեն փոխել իրենց ծրագրերը: Առաջին ալիքը ուղիղ եթերում ցուցադրում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը, իսկ «Ռոսիան» Պուտինի մասին վավերագրական ֆիլմը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր սա բացատրել է այն հանգամանքով, որ երբ հրդեհ էր առևտրի կենտրոնում, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ ծավալների ողբերգություն է: Որևէ հրահանգ, որ վատ լուրեր եթեր չկտան, չի եղել, արդարացել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG