Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը մնում է հանրապետության ռազմավարական նպատակը։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ բուլղարական Վարնա մեկնելուց առաջ, որտեղ պետք է մասնակցի Եվրամիության առաջնորդների հետ հանդիպմանը։
«Եվրամիության լիիրավ անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակն է։ Մենք կչեզոքացնենք որոշ շրջանակների փորձերը Թուրքիայի անդամակցության ջանքերին խանգարելու հարցում», - ասել է Էրդողանը՝ նշելով, թե մտադիր է եվրոպացի գործընկերներին հիշեցնել, որ «Թուրքիան իր հասցեին երկակի ստանդարտներ չի ընդունում»։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման գլխավոր թեման Թուրքիայի և Եվրամիության միջև ձեռք բերված փախստականների հարցով պայմանավորվածություններն են, ինչպես նաև Թուրքիայի համար Շենգենյան գոտու երկրների վիզայի չեղարկման շուրջ նոր բանակցությունները։
Թուրքիայի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմի հաստատման մասին Անկարայի և Բրյուսելի միջև 2016-ին կնքված համաձայնագրով Թուրքիան զգալի ֆինանսական օժանդակություն էր ստանում Եվրամիությունից` ուժեղացնելով իր սահմանների հսկողությունն ու սահմանափակելով ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա:
Դրա դիմաց Եվրամիությունը խոստանում էր Թուրքիայի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առանց մուտքի վիզաների կարճաժամկետ այցերով մեկնել Շենգենյան գոտու պետություններ:
2016-ի հուլիսյան անհաջող հեղաշրջման փորձից և դրան հաջորդած զանգվածային ձերբակալություններից հետո համաձայնագրի կատարումը սառեցվեց: