Մատչելիության հղումներ

Վարնայում այսօր կանցկացվի Եվրամիության և Թուրքիայի գագաթնաժողովը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Այսօր Վարնայում նախատեսված է Եվրոպական միության և Թուրքիայի գագաթնաժողովը, որին պետք է մասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Բանակցային փուլի կազմակերպիչը Եվրոպական միության խորհրդի գործող նախագահ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն է:

Ենթադրվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրամիության հետ Մաքսային համաձայնագրի, ինչպես նաև վիզաների ազատականացման վերաբերյալ Թուրքիային առաջարկող պայմանները, Սիրիային նյութապես օգնելու փաթեթի հաստատումը, ահաբեկչության դեմ պայքարը, Պաղեստինի, Բալկանների, Իրաքի, Լիբիայի թեմաները և միջազգային հրատապ այլ հարցեր:

Ըստ փորձագետների, այս և մի շարք այլ խնդիրների շուրջ Անկարայի և Բրյուսելի միջև կան էական տարաձայնություններ: Reuters-ի փոխանցմամբ, Վարնայում այսօր բացվող գագաթնաժողովի ընթացքում դժվար թե էական առաջխաղացում լինի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության՝ Անկարայի համար չափազանց ցավոտ հարցում:

Hurriet-ի մեկնաբան Սեմիհ Իդիզի կարծիքով` Եվրոպական միությունը Վարնայում կարող է Էրդողանին առաջարկել գործընկերության մի նոր ձևաչափ: Դա քաղաքական իմաստով որոշ չափով մոտ կպահի թուրքերին, սակայն բավական հեռու կլինի Եվրամիության լիիրավ անդամի կարգավիճակից:

Գագաթնաժողովը հյուրընկալող Բուլղարիայի վարչապետ Բորիսովն առանձնապես ոգևորված չէ: Դեռ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 23-ին` զրուցելով լրագրողների հետ, նա ասել է, որ «Վարնայի հանդիպումը ծանր փորձություն կլինի Եվրամիության համար, դժվար թե համաձայնություններ ապահովենք»:

Հարաբերություններն էլ ավելի են սրվել այն բանից հետո, երբ Թուրքիայի և Կիպրոսի միջև ծագած վեճում Եվրամիությունը միանշանակ աջակցություն է հայտնել Կիպրոսին:

Վեճի պատճառ է դարձել Կիպրոսի և ENI իտալական նավթագազային ընկերության համատեղ ծրագրով կղզու առափնյա հատվածում գազի արդյունահանումը: Անկարան նույնիսկ ռազմանավեր է ուղարկել հորատման աշխատանքը կանխելու համար:

Թուրքիան պնդում է, որ Միջերկրականում գազի պաշարների նկատմամբ իրավունք ունի Կիպրոսի ոչ միայն հունական միջազգայնորեն ճանաչված հատվածն, այլև միայն Անկարայի կողմից ճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:

Բարդ հարցերից մեկն էլ Թուրքիայում սիրիացի միլիոնավոր փախստականների կարիքները հոգալու նպատակով Անկարային գումար փոխանցելն է:

Ըստ եվրոպացի վերլուծաբանների, ցանկացած վեճի դեպքում թուրքերը սկսում են սպառնալ, թե կչեղարկենփախստականների հարցով պայմանագիրը Եվրամիության հետ:

Նախնական պայմանավորվածության համաձայն, Եվրամիությունը 6 միլիարդ եվրո է խոստացել Անկարային, այդ գումարի կեսը՝ 3 միլիարդը, պետք է այս տարի փոխանցվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG