Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանի վերարտադրության հարցը լուծված է. Լևոն Զուրաբյան


Այսօր պառլամենտում ներկայացված բոլոր չորս ուժերը, ըստ էության, միասնաբար՝ ձեռք-ձեռքի տալով իրականացրեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը, երեկ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ես կարող եմ հստակ ասել, որ այսօր պառլամենտում ներկայացված բոլոր չորս ուժերը՝ Հանրապետական կուսակցությունը, ՀՅ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Ելք»-ը, ըստ էության, միասնաբար, ձեռք-ձեռքի տալով իրականացրեցին Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը՝ լեգիտիմացնելով սահմանադրական հանրաքվեն, փորձելով շեղել ժողովրդի պայքարն, այնուհետև այդ նույն ուժերը հայտնվեցին պառլամենտում, չգիտես ինչու, ով որ ակտիվորեն ընդդիմացավ, ոչ մի շանս չունեցավ խորհրդարան անցնելու, բայց այդ ուժերը հայտնվեցին պառլամենտում», - ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ այս ուժերը նաև «լեգիտիմացրին Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման երկրորդ էտապը»։

«Այսինքն՝ իրենք ասացին, որ այդ ընտրություններն օրինական էին, ըստ էության ասելով, որ ժողովուրդը գնացել է և իր ձեռքով քվեարկել Հանրապետականի օգտին։ Այսինքն՝ այս երկու էտապում, երբ որ որոշվում էր Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդիրը, ըստ էության, մենք տվեցինք էդ պայքարը, ճիշտ է եղել են այլ քաղաքական ուժեր, որոնք մեզ օգնել են, միացել են, կամ առանձին տարել են այդ պայքարը», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Զուրաբյանը Սերժ Սարգսյանի «վերարտադրության հարցը լուծված է» համարում՝ նշելով, որ Սերժ Սարգսյանն իրականում ցանկանում է ևս մեկ անգամ «ուզուրպացնել իշխանությունը»։

«Եթե ինչ-որ մարդկանց համար գաղտնիք է հիմա, որ մեկ էլ տեսար պարզվում է Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել դառնալու վարչապետ, մենք դա ոչ միայն երբեք գաղտնիք չենք համարել, այլ բացահայտել ենք այդ գաղտնիքը, և հակառակ Սերժ Սարգսյանի խոստումների, ընդ որում հանրային խոստումների, որ ինքը չի աշխատի ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ նոր Սահմանադրության համակարգում, մենք ասում ենք, որ դա պարզ խաբեություն է, և որ Սերժ Սարգսյանն իրականում ցանկանում է ևս մեկ անգամ ուզուրպացնել իշխանությունը, ինչը որ և կատարվեց Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ, իսկ այնուհետև նաև 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կեղծմամբ», - հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը։

Նշենք, որ քաղաքական մի քանի ուժեր հայտարարել են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքար սկսելու մասին, ՀԱԿ-ը դեռևս չի հստակեցրել կմիանա այս պայքարին, թե՞՝ ոչ։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG