Մատչելիության հղումներ

Մարտի 24-ին ուժեղ քամին վնաս է հասցրել Շիրակի մարզի 16 համայանքի 24 բնակավայրի:

Քամուց հիմնականում տուժել է Գյումրին։ Արթիկի ու Արտենի համայնքներում դպրոցների տանիքներն են վնասվել:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրայանն այսօր արտակարգ խորհրադակցություն է հրավիրել՝ ճշտելու վնասի չափը։

Ըստ Արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանի, երեկ ժամը 14:54-ից մինչև ժամը 22:23-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՎ մարզային վարչության ճգնաժամային կենտրոնը մոտ 30 ահազանգ է ստացել։

Նրա խոսքով՝ ահազանգերը հիմնականում եղել են քշված տանիքների, շուռ եկած էլեկտրական հենասյուների ու ծառերի վերաբերյալ: Եղշատյանի փոխանցմամբ, նաև հրդեհի 8 ահազանգ են ունեցել:

ԱԻՎ պետի տեղակալը տեղեկացրեց, որ արտակարգ դեպքերի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանն իր հերթին նշեց, որ երեկվա քամուց մարզում էլեկտրական 70 հենսյուն է շուռ եկել, հետևաբար 45 համայնքներում կան էլեկտրաէներգիայի անջատումներ։

Նրա խոսքով՝ այսօր առավոտից իրենք վերականգնողական աշխատանքներ են իրականացնում, և ամեն ինչ անում են, որպեսզի ամենաուշը վաղը վերականգնեն մարզի ամբողջական էլեկտրամատակարարումը:

Նշենք, որ Շիրակի մարզպետարանում հանաձնաժողով է ստեղծվել՝ համայնքներին հասցված վնասի չափը հաշվարկելու համար։ Արդյունքները վաղը կեսօրին կներկայացվեն մարզպետին, վերջինս էլ դրանք կփոխանցի կառավարություն:

Հիշեցնենք, արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունները զգուշացրել էին մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր սպասվող ուժեղ քամիների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG