Գերմանիայում ոստիկանները ձերբակալել են Կատալոնիայի անկախականների առաջնորդ Կարլես Պուջդեմոնին, ով փորձել է Գերմանիա մուտք գործել Դանիայի տարածքից: Այս պահին Պուջդեմոնը գտնվում է գերմանական ոստիկանության բաժանմունքում:
Նրա փաստաբան Ժաումե Ալոնսո-Կուվիլասի փոխանցմամբ, Պուջդեմոնը մտադիր էր մեկնել Բելգիա, որտեղ ապաստանել է անցյալ տարվա հոկտեմբերից՝ այն բանից հետո, երբ Կատալոնիայի երկրամասում տեղի է ունեցել Իսպանիայի կողմից ապօրինի ճանաչված անկախության հանրաքվե, և Մադրիդը սպառնացել է կալանավորել Կատալոնիայի անջատականներին:
Իսպանիայում Պուջդեմոնին ներկայացրել են ապստամբության և անջատական ակտիվություն նախաձեռնելու մեղադրանք: Այդ հոդվածով մեղավոր ճանաչվելու դեպքում Պուջդեմոնը կարող է դատապարտվել մինչև 25 տարվա ազատազրկման:
Մարտի 23-ին՝ երբ Պուջդեմոնը գտնվել է Ֆինլանդիայում, Իսպանիայի գերագույն դատարանը արձակել է նրան ձերբակալելու նոր միջազգային հրամանագիր: Նմանօրինակ հրամանագրեր են արձակվել Կատալոնիայի ևս 5 անջատական ակտիվիստների նկատմամբ: