Մատչելիության հղումներ

Տիկնիկային թատրոնը թատերական արվեստի մի ձև է, որը սահման չունի․ Ռուբեն Բաբայան


Տիկնիկների պատկերասրահը Երևանում, 21-ը մարտի, 2017թ․
Տիկնիկների պատկերասրահը Երևանում, 21-ը մարտի, 2017թ․

Ե՞րբ է մարդու կողմից կամ մարդու ձեռքով ստեղծվել առաջին տիկնիկը, ինչի՞ համար է այն գործածվել, դժվար է ասել, բայց վաղուց ի վեր հնագիտական այս կամ այն հայտնագործություններից, դրանց ուսումնասիրություններից հետո գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ դեռ հազարամյակներ առաջ թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում ի հայտ են եկել մարդու ձեռքով ստեղծված առաջին տիկնիկները, որոնք, ամենայն հավանականությամբ, առավել կրոնածիսական նշանակություն են ունեցել: Հնագիտական պեղումների արդյունքում ամենավաղ՝ մ.թ.ա. 16-րդ դարից սկսած տիկնիկներ են հայտնաբերվել Եգիպտոսի, Չինաստանի, Ճապոնիայի, Հին Հունաստանի տարածքներում:

Հայկական ծիսական տիկնիկները ևս դարերի պատմություն ունեն և մեզ են հասել նախաքրիստոնեական շրջանից: Եղել են մոգական ուժով օժտված կենդանակերպ և մարդակերպ տիկնիկներ, որոնք հաստատ մանուկներին զբաղեցնելու համար չէ, որ ստեղծվել են, այլ գործածվել են ամենատարբեր կրոնածիսական արարողությունների ժամանակ, որոնք ուղեկցվել են հոգևոր և ազգագրական երգ-երաժշտությամբ ու զանազան հմայիլներով: Տիկնիկները պատրաստվել են քարից, փայտից, թելերից, խմորից և այլն:

Քրիստոնեության ընդունումից հետո մոտ 1500 տարի անց՝ թատրոնի վերակենդանացումից հետո միայն, կրկին սկսեցին գործածվել տիկնիկները: Հայկական մեզ հասած ամենավաղ տիկնիկներից են Նուրի-Նուրին, Ուտիս տատը, որը խորհրդանշում է Բարեկենդանը, և Մեծ Պահքը խորհրդանշող Պաս պապը:

1935 թվականին Խորհրդային Հայաստանում ստեղծվեց տիկնիկային թատրոն, որը երկու տարի անց սկսեց կրել Հովհաննես Թումանյանի անունը: Ներկայումս առնվազն երեք տիկնիկային թատրոն գործում է մայրաքաղաքում, մի քանիսն էլ՝ Գյումրիում, Վանաձորում և այլուր: Այդ թատրոններում էլ հավուր պատշաճի ամեն տարի նշվում է Տիկնիկային թատրոնի միջազգային օրը՝ մարտի 21-ը, ամենատարբեր ուշագրավ ձեռնարկներով և բեմադրություններով:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ասաց. - «Մարդը ծնվում է ազատ, մարդը ծնվում է ազատ երևակայությամբ, յուրաքանչյուր մարդ ստեղծագործող է, յուրաքանչյուր մարդ երևակայում է: Տիկնիկային արվեստը խոսում է քո հետ ալեգորիաներով, նա խոսում է քո հետ մետամորֆոզներով, նա խոսում է քո հետ մետաֆիզիկայի լեզվով, փիլիսոփայությունով, պայմանականությունով: Մի խոսքով՝ տիկնիկային թատրոն, ինչպես անձամբ ես, պետք է գալ և հասնել: Ոչ ոք նրանցից, ովքեր զբաղվում են տիկնիկային արվեստով, մանկուց չեն երազել դրանով զբաղվել»:

Հարցին, թե ի՞նչն է իրեն բերել տիկնիկային թատրոն, Բաբայանը արձագանքեց. - «Այն, որ ես այն իմացա, ճանաչեցի, ավելի շուտ, հնարավորին չափ ներսից, ես տեսա փայլուն ներկայացումներ: Ես չէի ուզում դառնալ տիկնիկային թատրոնի ո՛չ դերասան, ո՛չ ռեժիսոր, ես պարզապես աշխատում էի գրական մասի վարիչ, գրում էի իմ դիսերտացիան, բայց հետո եկավ մի պահ, երբ ես հասկացա, որ դիսերտացիան կարելի է և չգրել, իսկ այս արվեստով, ընդհանրապես թատերական արվեստով չեմ կարող չզբաղվել: Հետո ես տեսա, որ սա թատերական արվեստի մի ձև է, որը որևէ սահման չունի»:

Տիկնիկային թատրոնը, ընդգծեց Ռուբեն Բաբայանը, «իրականում երբեք մանկական չի եղել՝ տիկնիկային թատրոնն ունի 5 հազար տարվա պատմություն, իսկ մանկական նա դարձել է մոտավորապես 120 տարի առաջ, առաջին մանկական ներկայացումները բեմադրվել են 120 տարի առաջ»: «Այսօր երբ մենք նայում ենք բազմաթիվ դրամատիկ թատրոններում ներկայացումներ, մենք հաճախակի տեսնում ենք տիկնիկային թատրոնի էլեմենտներ: Թատրոնը դարձել է շատ ավելի սինթետիկ այսօր, շատ ավելի հազվագյուտ են ընդգծվում այդ սահմանները, դերասանի հանդեպ պահանջներն են փոխվել», - նշեց Տիկնիկային թատրոնի տնօրենը՝ շարունակելով. - «Մենք ունենք խնդիր, որպեսզի հանդիսատեսի երևակայությունը սկսի խաղալ, և հանդիսատեսը ևս դառնա ստեղծագործող, այ էդ շղթան, որ գալիս է՝ դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, կոմպոզիտոր, այդտեղ չավարտվի, այլ շարունակվի դեպի հանդիսականը»:

«Այնպես որ, ես շատ երջանիկ եմ, որ կյանքս ինձ բերեց այս ասպարեզ, ես ճանաչեցի, որովհետև, կարծում եմ, եթե ես ներսից չճանաչեի տիկնիկային թատրոնը, իմ կյանքը շատ ավելի աղքատ կլիներ», - շեշտեց Ռուբեն Բաբայանը:

Նրա համոզմամբ՝ ցանկացած պիես կարելի է դարձնել տիկնիկային ներկայացում. - «Պիեսը, ինչպես ասում էր հանճարեղ ռուս ռեժիսոր Թաիրովը, առիթ է բեմադրության համար: Ես ինքս բեմադրել եմ Շեքսպիրի «Սխալների կատակերգությունը»՝ տիկնիկային ներկայացումներ, կան բազմաթիվ ներկայացումներ «Համլետ», «Օթելլո», «Ֆաուստ»․․․»:

«Եվ ո՞վ ասաց, որ այն իրական աշխարհը, որ մեզ շրջապատում է, կենցաղային աշխարհը մեր միակ ռեալ աշխարհն է, գուցե մեր ռեալը նաև այս կախարդակա՞նը, այս ուրի՞շ աշխարհն է՝ ոչ պակաս, ո՞վ ասաց, որ մեր երազները մեր կյանքի մի շատ կարևոր մասը չեն․ տիկնիկային թատրոնը դա է», - հայտարարեց Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG