Մոտ երկու շաբաթից կլրանա նախագահ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և Ազգային վիճակագրական ծառայության ու Ֆինանսների նախարարության տվյալները հետևյալ պատկերն են ուրվագծում 2008-2017 թվականների համար:
2008-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքը կազմում էր 11.9 միլիարդ դոլար, 2017-ը երկիրը փակել է ավելի փոքր ՀՆԱ-ով՝ 11.5 միլիարդ դոլար: Փոխարենը, տպավորիչ կերպով աճել է պետական պարտքը․ 2008-ին այն 1.9 միլիարդ դոլար էր, անցած տարվա վերջին՝ 6.7 միլիարդ դոլար:
Զուգահեռաբար նվազել է մշտական բնակչության թիվը: 2008 թվականի հունվարի 1-ին Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 միլիոն 230 հազար էր, այս տարվա հունվարի 1-ին՝ 2 միլիոն 972 հազար: Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիներին երկրի մշտական բնակչությունը կրճատվել է մոտ 260 հազարով:
Սերժ Սարգսյանի նախագահության տասը տարիների վերաբերյալ ևս մեկ պաշտոնական թիվ՝ եթե 2008-ին Հայաստանի յուրաքանչյուր բնակչի ուսերին ծանրացած էր 588 դոլար պարտք, ապա 2017-ի վերջին՝ 2 254 դոլար կամ 3.8 անգամ ավելի շատ:
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի խոսքով, պետք է հաշվի առնել օբյեկտիվ հանգամանքները․ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին աշխարհը բախվեց խորը ֆինանսատնտեսական ճգնաժամի, Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործըներներից մեկի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին, ինչի արդյունքում այդ երկրի տնտեսությունը անկում ապրեց՝ իր բացասական ազդեցությունը թողնելով Հայաստանի վրա․ - «Ըստ էության, ֆինանսատնտեսական ճգնաժամը իր շատ խորը կնիքը թողեց թե՛ Կառավարության գործելաոճի վրա, թե՛ ընդհանրապես տնտեսական զարգացման, ես նույնիսկ կասեի մոդելի վրա: 2009 թվականին Հայաստանը արձանագրեց համախառն ներքին արդյունքի ամենատպավորիչ անկումը՝ 14.1 տոկոս»:
Հայաստանի նախկին վարչապետը, այնուամենայնիվ, հարկ համարեց նշել․ - «Չեմ բացառում, որ իշխանությունները սխալներ են թույլ տվել տնտեսական քաղաքականությունում: Ես անցած տասնամյակի մասին կասեի հետևյալը՝ եթե պարզ բանաձևենք․ տնտեսական օրգանիզմդ ֆինանսական արտաքին հուժկու ազդեցություններին դիմագրավելու կարողություններ ձևավորելու տասնամյակ: Մեր խնդիրը սա է եղել: Ընդ որում, փորձել տնտեսական նավը պահպանել, շատ չճոճել այն: Մյուս կողմից՝ աստիճանաբար ձևավորել այնպիսի կարողություններ, որոնք մեզ հնարավորություն կտային նման արհավիրքների ժամանակ դիմագրավել»:
Տնտեսագետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, հիմք ընդունելով պաշտոնական ընդամենը երկու թիվ՝ երկրի համախառն ներքին արդյունքի և պետական պարտքի մասին, կարելի է վստահաբար ասել, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանի տնտեսությունը կոլապս է ապրել, և ցայսօր դուրս չենք եկել այդ իրավիճակից․ - «Տասը տարվա ընթացքում աղքատությունը էդպես էլ չնվազեց, այդպես էլ մնաց 30 տոկոսի չափով: Տասը տարիների ընթացքում բևեռվածությունը ոչ թե պակասեց, այլ ավելացավ, և դրա մասին էլ են խոսում վիճակագրական տվյալները: Այսինքն՝ գնալով հարուստներն ավելի հարստացան, աղքատներն ավելի աղքատացան: Եվ ամենակարևորագույն խնդիրներից մեկը՝ գործազրկության հետ կապված: Որպես չափանիշ էլի վերցնում ենք 18.5 կամ 19 տոկոսի չափ էր, հիմա նույն կարգի է՝ 18 տոկոս»:
Ըստ Խաչատրյանի, Հայաստանի տնտեսական խնդիրները, սակայն, չեն ավարտվել․ պետական պարտքի կտրուկ և շարունակվող աճը լուրջ սպառնալքիներ է պարունակում երկրի ֆինանսատնտեսական համակարգի համար․ - «Չորս անգամ պետական պարտքը ավելացնելու արդյունքում մենք ստացե՞լ ենք այն, ինչ որ ակնկալվում էր: Պետական պարտքի արդյունավետության, այդ միջոցների օգտագործման արդյունավետության հարցը պետք է քննարկվի: Եվ այս հարցի պատասխանն է, որը մինչև հիմա մեզ չի տրվում՝ տարբեր բացատրություններով: Ասենք, որովհետև դրա հաշվարկման մեթոդիկա չկա և այլն, և այլն: Բայց իրականում, երբ որ մենք պարզապես վերցնենք մի ներդրումային ծրագիր, որը կոչվում է «Հարավ - հյուսիս մայրուղի», մենք կարող ենք ասել, որ պետական պարտքի ավելացումը գոնե այդ ծրագրի առումով արդյունավետ չի աշխատել»: