Մատչելիության հղումներ

ՀՀ կինեմատոգրաֆիստների միությունը կոչ է անում Թուրքիային «արվեստը քաղաքական անհեռանկար նպատակներին չծառայեցնել»


Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը խստորեն դատապարտում է թուրքական իշխանությունների կողմից «Եվա» ֆիլմը Ստամբուլի «Ֆիլմմոր» կինոփառատոնի ցուցադրությունից հանելը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ արվեստը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելուց։

Միության հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Թուրքիայի իշխանություններն արգելել են «Եվա» ֆիլմի ցուցադրությունը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որպես պատճառաբանություն ունենալով մեկ այլ երկրի՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջները, կապված «Եվա» ֆիլմի նկարահանումների մի մասն Արցախի Հանրապետությունում իրականացնելու հետ: Ցավում ենք, որ թուրքական իշխանությունները՝ դառնալով Արցախի հարցում Ադրբեջանի շարունակական անհեռանկար քաղաքականության անմիջական կրողը, անթույլատրելիորեն քաղաքականացնում են մշակութային շփումները, կոպտորեն միջամտում են միջազգային կինոփառատոնի գործերին, գրաքննության ու արվեստի ազատության սահմանափակման միջոցներ են կիրառում կինոաշխարհում»:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հիասթափեցնող է համարում, որ «թե՛ ադրբեջանական, թե՛ նրա պատանդի կարգավիճակում հայտնված թուրքական իշխանությունները չեն գիտակցում, որ մշակութային փոխգործակցությունը, մշակութային երկխոսությունը հանդիսանում է այսօր աշխարհում իշխող արժեքային համակարգի բաղկացուցիչ մաս, և այդ կարգի գործողություններով իրենց դուրս են դնում աշխարհի մշակութային քարտեզից»:

«Ադրբեջանը շարունակում է հետապնդել մի քաղաքականություն՝ խոչընդոտել ցանկացած երևույթ, որը որևէ կերպ առնչություն ունի Արցախի Հանրապետության հետ՝ չհասկանալով, որ այդ քաղաքականությունը դատապարտված է և չունի ապագա, իսկ Արցախի Հանրապետությունն ազատ է իր քաղաքականությունը, այդ թվում՝ և մշակութային, իրացնելու գործում», - նշում է միությունը՝ շարունակելով. - «Հայաստանի կինոգործիչների և հասարակության համար անթույլատրելի է և անհասկանալի այս մոտեցումը, քանի որ հայաստանյան ամենատարբեր միջազգային կինոփառատոների շրջանակներում բազմիցս ցուցադրվել են թե՛ թուրքական, թե՛ ադրբեջանական ինչպես համատեղ, այնպես էլ զուտ տեղական արտադրության ֆիլմեր»:

Ըստ միության, «Հայաստանի իշխանությունները երբեք արգելք չեն հանդիսացել, չեն գրաքննել մշակութային համագործակցության ոլորտը, չեն կասեցրել մշակութային երկխոսության կայացումը, չեն սահմանափակել կինոաշխարհի իրավունքը՝ դիտել, ճանաչել, հասկանալ այն ամենը, ինչ կատարվում է կինոմշակույթի ասպարեզում»:

«Խստորեն դատապարտելով թուրքական իշխանությունների նման գործողությունները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ արվեստը՝ տվյալ պարագայում կինոն և միջազգային կինոփառատոնը քաղաքական անհեռանկար նպատակներին ծառայեցնելու գործից, հասարակությունը չպահել այլատյացության մթնոլորտում, որը կարող է լուրջ վտանգ հասցնել մշակութային հետագա համագործակցությանը», -ասված է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հայտարարությունում։

Նշենք, որ «Եվա»-ն հայ-իրանական համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմ է: Անցյալ տարի սեպտեմբերի վերջերին ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում։

Պրոդյուսերը և օպերատորները իրանցի են, սցենարի հեղինակն ու ռեժիսորը Անահիտ Աբադն է, գլխավոր դերում՝ Նարինե Գրիգորյանը։ Ըստ գլխավոր դերակատարի, ռեժիսորը ֆիլմում փորձել է հայ մարդու կյանքը ցույց տալ։

Ստամբուլի կինոփառատոնի հաստատված ծրագրում ֆիլմը պետք է ցուցադրվեր մարտի 17-ին, սակայն Ադրբեջանի կառավարությունը բողոքի դիմում էր ուղարկել Թուրքիայի արտգործնախարարությանը և նույնիսկ անձամբ արտգործնախարարին՝ պահանջելով ֆիլմը հանել ցուցադրությունից։ Ադրբեջանի այս պահանջը Թուրքիան բավարարել է։

Ըստ ադրբեջանական կողմի առարկությունների, ֆիլմում «տպավորություն է ստեղծված, թե Ղարաբաղը հայկական տարածք է»:

«Արվեստում արգելափակումն ինձ համար հանդուրժելի չէ», - հայտարարել է ֆիլմի ռեժիսորը՝ պարզաբանում պահանջելով Ստամբուլից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG