Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր ճանաչել է Վլադիմիր Պուտինի հաղթանակը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում:
«Մեր կողմից իրականացված զուգահեռ հաշվարկի արդյունքները վկայում են, որ Պուտինը հաղթել է Ռուսաստանի Դաշնության բոլոր տարածաշրջաններում: Քարոզարշավի ընթացքում արձանագրված ողջ անարդարությամբ և կեղտով հանդերձ, Պուտինի հաղթանակը ակնհայտ իրողություն է», - Զյուգանովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:
Մարտի 18-ի ընտրություններում Գենադի Զյուգանովի փոխարեն Ռուսաստանի կոմկուսն առաջադրել էր Պավել Գրուդինինի թեկնածությունը:
Նա, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է քվեների մոտ 11 տոկոսը: Դա Ռուսաստանի նախագահական ընտրությունների պատմության ողջ ընթացքում կոմունիստների արձանագրած վատթարագույն ցուցանիշն էր: