Մատչելիության հղումներ

Մոսկվայում փորձում են կանխատեսել «պուտինյան Ռուսաստանի» ապագան


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ընտրություններում իր մրցակիցների հետ, Մոսկվա, Կրեմլ, 19-ը մարտի, 2018թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ընտրություններում իր մրցակիցների հետ, Մոսկվա, Կրեմլ, 19-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի ընտրությունները արդեն անցյալ են: Մոսկվայում դեռ ամփոփում են ընտրությունների արդյունքները, սակայն ավելի շատ խոսում են Ռուսաստանի կամ «պուտինյան Ռուսաստանի» ապագայի մասին:

Ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանը առաջիկա վեց տարիներին և հատկապես ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանը 2024 թվականից հետո, երբ լրանալու է Վլադիմիր Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը:

Եթե Պուտինը քարոզարշավի իր հիմնական միջոցառմանը՝ Դաշնային ժողովին հղած ուղերձում ավելի շատ խոսում էր արտաքին քաղաքականությունից, կամ ավելի ճիշտ՝ ցուցադրում էր Ռուսաստանի միջուկային սպառազինության հզորությունը, ապա ընտրությունների հաջորդ իսկ օրը՝ երեկ, նախագահի մյուս թեկնածուների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կրճատելու է ռազմական բյուջեն, որ ինքը՝ որպես նախագահ, առաջին հերթին զբաղվելու է տնտեսության զարգացման հետ կապված հարցերով, որ փորձելու է կառուցողական երկխոսություն վարել բոլոր երկրների հետ, և որ սպառազինության մրցավազքի մեջ Ռուսաստանը չի մտնելու:

Վլադիմիր Պուտինի նոր պաշտոնավարման վեց տարիների հիմնական ինտրիգը նրա նախագահության վերջին ժամկետն է: Սահմանադրությունը նրան արգելում է նախագահ ընտրվել 2024 թվականին: Նորից ժառանգորդ նշանակել, ինչպես 2008 թվականին նա Դմիտրի Մեդվեդևին էր «ի պահ տվել» Կրեմլը, թույլ չի տալիս տարիքը՝ 2024-ին Վլադիմիր Պուտինն արդեն 72 տարեկան է լինելու:

Հիշեցնենք, ընտրություններից հետո Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ սրանք, հնարավոր է, Ռուսաստանի նախագահի վերջին ընտրություններն էին:

Քաղաքագետ Վլադիսլավ Ինոզեմցևի կարծիքով՝ նախագահական ընտրությունների արդյունքները անակնկալ չէին, այդուամենայնիվ, անցած ընտրություններին հաստատվել է Պուտինի ցարական կառավարումը:

«Ակնհայտ է, որ մարդը, մնալով 24 տարի նախագահի պաշտոնում, երկրի առաջնորդի պաշտոնից չի հեռանա նաև 2024 թվականին: Մենք դատապարտված ենք պուտինյան Ռուսաստանում ապրել, քանի դեռ նա կենդանի է», - «Ազատության» ռուսական ծառայության եթերում ասել է Ինոզեմցևը, հավելելով՝ պետք չէ ակնկալել, թե Ռուսաստանում սոցիալ-տնտեսական վիճակն այնքան կվատանա, որ Պուտինի իշխանությանը վերջ կգա: Այդպես չի լինի, եթե չլինեն արտաքին գործոններ, օրինակ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, ինչպես 1996 կամ 2008 թվականներին էր, կամ նավթի գնի կտրուկ և երկարատև անկում, ասում է փորձագետը:

Քաղաքագետ Նիկոլայ Պետրովի կարծիքով՝ շատ հավանական է, որ 2024 թվականի նախագահական ընտրությունները իրենց բովանդակությամբ արդեն տարբերվեն երկու օր առաջ տեղի ունեցած ընտրություններից, նախագահի լիազորությունները կարող են լրջորեն կրճատվել:

«Այսօրվա համակարգի շրջանակում Պուտինը չի կարող առանց իր և իր շրջապատի համար վտանգի ոչ հեռանալ Կրեմլից 2024-ին, ոչ էլ զբաղեցնել նոր պաշտոն: Եվ այս առումով, ռուսաստանյան իշխանական համակարգի փոփոխությունները կլինեն 2024 թվականից շուտ: Նա պետք է մտածի, թե ինչ նոր պաշտոն ստեղծել իր համար, և սա է լինելու Պուտինի համար առաջիկա վեց տարիների հիմնական հարցերից մեկը», - «Դոժդ» հեռուստաընկերության եթերում ասել է Պետրովը:

Հավելենք, որ Պուտինի չորրորդ երդմնակալությունը տեղի կունենա, ինչպես և 2012-ին, մայիսի 7-ին: Երդմնակալությունից հետո Ռուսաստանի վերընտրված նախագահը կներկայացնի նոր վարչապետին և նոր կառավարության անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG