Մատչելիության հղումներ

ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հաղորդում Երևան-Մոսկվա ավտոբուսի վթարից


Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության
Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհին վթարի ենթարկված Երևան-Մոսկվա ավտոբուսում եղել են 50 ուղևոր և 2 վարորդ՝ 1972 թվականին ծնված Տիգրան Բաբախանյանն ու 1974 թվականին ծնված Արկադի Թադևոսյանը. մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող ՛՛Как дома՛՛ հյուրանոց:

«Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ա.Դ. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վարորդները և ուղևորներ՝ 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը, 1988 թ. ծնված Մելիք Հայրապետյանը, 1982 թ. ծնված Եղիշե Համբարձումյանը, 1964 թ. ծնված Արմեն Մուրադյանը, 1961 թ. ծնված Վարյա Օհանյանը, 1969 թ. ծնված Դավիթ Վերմիշյանը և 1972 թ. ծնված Վազգեն Գևորգյանը հոսպիտալացվել են Պավլովսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ Դ. Սարդարյանի, Մ. Հայրապետյանի, Տ. Բաբախանյանի և Ե. Համբարձումյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության», - ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ այսօր, ժամը 10:57-ին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող Mercedes մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը Ռուսաստանի Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային. կան զոհեր և վիրավորներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG