Մատչելիության հղումներ

Այսօր լրանում է գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի 100-ամյակը


Մարտի 20-ը արմատներով ղարաբաղցի, ծնունդով Ալեքսանդրապոլից (ներկայիս Գյումրիից) հայ դասական գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի ծննդյան օրն է․ այսօր լրանում է գեղանկարչի 100-ամյա հոբելյանը:

Գեղանկարիչը երեք հազարից ավելի կտավների հեղինակ է: Մասնագիտական կրթությունը ստացել է նախ Երևանում, հետո Ռիգայում: Իր ստեղծագործական ուղու ընթացքում ստեղծել է իր ժամանակի լավագույն արվեստագետների ու մտավորականների դիմանկարները, հեղինակ է նաև բազմաթիվ նատյուրմորտների, թեմատիկ կոմպոզիցիաների, որոնց թվում և 1949 թվականին արված հանրահայտ «Հայերի գաղթը» ստեղծագործությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Այս աշխատանքը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Ստալինյան բռնապետության այդ սոսկալի տարիներին, ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծում էր գեղանկարչի որդին՝ Արշակ Ստեփանյանը, այդ մասին բարձրաձայն խոսելն իսկ կարող էր մի ողջ կյանք արժենալ․ - «Երբ որ նկարեց «Հայերի գաղթը», Երվանդ Քոչարը ասեց՝ այ տղա, քեզ քաղաքական աստառ կտան, կմեղադրեն նացիոնալիզմի մեջ, նկարի անունը փոխի: Հայրս, լսելով Քոչարին որպես ավելի փորձառու արվեստագետ, ավելի կյանք տեսած, նկարը անվանեց «Գաղթականներ»: Հետո վերջերս ես Փարավոն Միրզոյանին խնդրեցի, երբ ինքը պատկերասրահի տնօրենն էր, ասացի, որ իր ձեռքով գրած է՝ «Հայերի գաղթը»: Ասաց՝ հարց չկա․ իջեցնել տվեց նկարը, անմիջապես նայեցին մասնագետները, տեսան, որ, իրոք, իրա ձեռագրով․․․ Որովհետև Ստալինի կենդանության օրոք դա հերոսություն էր»:

Իր ժամանակին Հակոբ Կոջոյանը գրել է Հրանտ Ստեփանյանի ստեղծագործության մասին՝ շեշտելով, որ նկարչի բնանկարները, դիմանկարները և թեմատիկ այլ ստեղծագործություններ նրա պատկերավոր մտածողության անսպառ ունակության ապացույցներն են: Մարտիրոս Սարյանի խոսքով՝ Հրանտ Ստեփանյանի ստեղծագործությունները պատիվ են բերում ոչ միայն հայ ժողովրդին: Իսկ Սիլվա Կապուտիկյանի համոզմամբ, Հրանտ Ստեփանյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայ նկարիչների աստղաբույլի ամենավառ աստղերից մեկն է:

Գեղանկարչի ստեղծագործությունները պահվում են թե՛ մայրաքաղաքի, թե՛ այլ քաղաքների ցուցասրահներում: Նրա շատ ու շատ աշխատանքներ ցուցադրված են ռուսաստանյան, արտասահմանյան այլ երկրների թանգարաններում: Նրա աշխատանքների մի մասը ցուցադրվում է իհարկե նաև Ազգային պատկերասրահում, որտեղ, սակայն, այս տարի նախատեսված չէ հոբելյանական ցուցահանդես բացել:

Գեղանկարչի որդին գերադասել է այլ կերպ նշանավորել հոբելյանական տարին, քանի որ «ցուցահանդեսը բացում են, մի քանի լրագրողներ գալիս են, նկարում են, եթերում մեկ-մեկուկես րոպեանոց գնում է ինֆորմացիա, որ բացվեց էսինչի ցուցահանդեսը, և դրանով ավարտվեց»․ - «Այդ պատճառով ես չուզեցի: Մտածեցի, որ ավելի լավ է ալբոմ, գիրք հրատարակել և տարածել։ Դա ավելի մեծ ազդեցություն կունենա, քան ցուցահանդեսը: 2016 թվականին հանդիպեցի նախարար, պարոն Արմեն Ամիրյանին, ասեցի, որ շատ մեծ պահանջներ չունեմ՝ ցուցահանդես, միջազզային բարձր մակարդակներ․․․․ որովհետև ինքն էլ շատ կյանքում համեստ էր, չէր սիրում իր մասին խոսել: Ասում էր՝ իմ մասին խոսում են իմ գործերը: Եվ ասում էր՝ ես չեմ ընդունում, երբ կառավարությունը պարգևներով կամ ինչ-որ ձևերով գնահատում ա էս նկարչին, կամ էն երաժշտին, կամ էն երգչին, արվեստագետին: Ասում էր՝ նրանց պիտի գնահատի ժողովուրդը: Ես ասի [նախարար Ամիրյանին]՝ խնդրում եմ հիշատակը հավերժացնելու համար դրոշմանիշ տպագրվի Հայաստանի Հանրապետության անունից, և մի քանի գեղանկար ձեռք բերվի Մշակույթի նախարարության կողմից, և ես այդ գումարով կարողանամ ալբոմ հրատարակել»:

Հրանտ Ստեփանյանն առաջին անհատականը բացել է 1973 թվականին: Շատ մտերիմ է եղել թե՛ իր վրձնընկերների, թե՛ արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչների հետ, որոնք հաճախ են այցելել նրա արվեստանոցը: Մտերիմ է եղել նաև ժամանակի քաղաքական գործիչների հետ:

Ինչպես վերհիշում էր որդին՝ մասնագիտությամբ տնտեսագետ Արշակ Ստեփանյանը․ - «Արվեստանոց ավելի շատ հաճախում էին քաղաքական գործիչներ՝ սկսած Կարեն Դեմիրճյանից, Ֆադեյ Սարգսյանից, Բաբկեն Սարկիսովից․․․ Շատ հետաքրքիր զրույցներ Ալեքսան Մատվեիչի հետ Կիրակոսյան: Հավաքվում էին թեյի սեղանի շուրջ»:

Ուշագրավ է, որ Հրանտ Ստեփանյանը երկու որդիներին էլ խորհուրդ չի տվել գեղանկարչությամբ զբաղվել․ - «Ասում էր՝ արվեստը միջակություններ չի սիրում, դուրս ա մղվում միջակությունը հասարակության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG