Մատչելիության հղումներ

«Ընտրությունն առանց մրցակցության ընտրություն չէ»


Ռուսաստան - «Գոլոս» անկախ դիտորդական կազմակերպության համանախագահ Գրիգորի Մելքոնյանց, Մոսկվա, 13-ը մարտի, 2018թ.

Ռուսաստանում ընտրողների գերիշխող մեծամասնությունը ոգևորությամբ է արձագանքում նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ հաղթանակին: Գործող նախագահն առաջին տեղն է գրավել քվեների 76.6 տոկոսով: Այսպիսով, որևէ անսպասելի բան մարտի 18-ի ընտրություններում տեղի չի ունեցել:

Երեկ հաղթողը հանդիպել է «մրցակիցներին»: Դռնփակ զրույցը տևել է մոտ երկու ժամ: Ըստ Կրեմլի հաղորդագրության, Պուտինը նրանց առաջարկել է «հաստատել երկխոսություն, հաշվի առնել դրական հանգամանքները և միավորել ջանքերը հանուն երկրի ապագա զարգացման»:

Բայց արդյո՞ք երկրորդ տեղը գրաված կոմունիստ Պավել Գրուդինինը, երրորդ տեղը գրաված լիբերալ դեմոկրատ Վլադիմիր Ժիրինովսկին, «Քաղաքացիական նախաձեռնության» կողմից առաջադրված և չորրորդ տեղը գրաված Քսենիա Սոբչակը, Գրիգորի Յավլինսկին, Բորիս Տիտովը, Մաքսիմ Սուրայկինը և Սերգեյ Բաբուրինը կարող էին իրական պայքար մղել:

ԵԱՀԿ կարճատև դիտորդական առաքելության ղեկավար, Բունդեսթագի պատգամավոր Միխայել Գեորգ Լինքը երեկ նշել է, որ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը բուն քվեարկության գործընթացը կանոնավոր կերպով է իրականացրել, բայց ընդգծել է բացասական հանգամանքները:

«Ընտրությունն առանց իրական մրցակցության, ինչի ականատեսն ենք դարձել այս ընտրություններում, դժբախտաբար, իրական ընտրություն չէ: Երբ իրավական դաշտը սահմանափակում է հիմնարար շատ ազատություններ, երբ սպասվելիք արդյունքը գրեթե կասկածի տակ չէ, ընտրությունները կորցնում են բուն իմաստը, այն է՝ լիդերներին ընտրելու ժողովրդին վերապահված իրավունքի ապահովումը», - ասել է ԵԱՀԿ կարճատև դիտորդական առաքելության ղեկավարը:

Նմանօրինակ հոռետեսական կարծիք է հայտնել նաև ռուսական «Գոլոս» անկախ դիտորդական կազմակերպության համանախագահ, իրավապաշտպան Գրիգորի Մելքոնյանցը:

«Ներկայացնելով նախնական գնահատականը, «Գոլոս»-ը հայտարարում է, որ անվերապահորեն ճանաչելով հաղթող թեկնածուի ի պաշտոնե առաջատար լինելը, մենք, դժբախտաբար, պետք է արձանագրենք, որ չենք կարող այս ընտրությունները ճանաչել իսկապես ազնիվ և համապատասխանող Սահմանադրությանը, Ռուսաստանի Դաշնության օրենքներին և միջազգային չափանիշներին, քանի որ այդ արդյունքը գրանցվել է ոչ-ազատ, ոչ-հավասար և ոչ-մրցակցային նախընտրական արշավի պայմաններում», - հայտարարել է Մելքոնյանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG