Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի աջակիցները բողոքի ցույց են անցկացնում Կիևում


Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները Կիևում բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը:

Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Կիևի Անկախության հրապարակում, որը Եվրամայդանի բողոքի ցույցերի կենտրոնն էր: Անվտանգության միջոցները խստացվել են, իրավապահների և ցուցարարների միջև բախումների մասին տեղեկություններ չկան:

Մի քանի շաբաթ առաջ ոստիկանությունը ապամոնտաժել էր դեռ անցյալ տարվանից Սաակաշվիլիի աջակիցների կողմից Կիևի կենտրոնում՝ խորհրդարանի մերձակայքում տեղադրված վրանները: Ավելի քան 100 ցուցարարներ բերման էին ենթարկվել, 20-ը՝ վիրավորվել մարտի 3-ի այդ բախման ժամանակ:

Հիշեցնենք, Ուկրաինայի իշխանությունները Միխեիլ Սաակաշվիլիին արտաքսել են երկրից փետրվարի 12-ին, երբ Կիևի ռեստորաններից մեկում հատուկջոկատայինները նրան ձերբակալել, այնուհետև ինքնաթիռ էին նստեցրել և ուղարկել Լեհաստան: Ուկրաինայի իշխանությունները պնդում էին, որ Սաակաշվիլին անօրինական էր գտնվում երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG